Շատերն են նկատել, որ ընտրություններում «սահմանադրական մեծամասնություն» ապահոված ուժի ու նրա ղեկավարի մոտ հաղթանակից էյֆորիա չկա, ինչպես նաեւ ապատիա է խորհրդարան անցած մյուս ուժերի մոտ: Եթե այս վերջինները չէին սպասում նման արդյունք, ինչը վկայում է քաղաքական գործընթացներին նրանց անհամարժեքությունը, իշխող ուժի պարագան այլ է՝ խորհրդարանը կազմավորվել է մոսկովյան սցենարով ու քվոտաներով, ինչին Լրագիրը բազմիցս անդրադարձել է դեռ նախընտրական շրջանից, եւ ժողովրդի իրական վստահության մասին խոսք չի կարող լինել: Ընդ որում, իշխող ուժի «սահմանադրական մեծամասնությունը» կախված է մեկ մանդատից, ինչն էական հանգամանք է այդ խորհրդարանի կառավարելիության առումով:

Թե ինչպես է ապահովվել այդ դասավորությունը՝ հայտնի է խորհրդարան անցած ուժերին, բայց դրա մասին բոլորը գերադասում են լռել՝ չափից ավելի ամոթալի ու տեղ-տեղ զավեշտալի պատմություն է, որը ձեռնտու չէ ոչ մեկին:

Խորհրդարան անցած դաշինքների մոտ ապատիան մեկ այլ պատճառ էլ ունի՝ հնարավոր է այստեղ հասկացել են, որ նոյեմբերի 9-ից ի վեր իրենք երկու գործառույթ են ունեցել՝ Հայաստանում ապակայունացման ու հանրային հուսալքության բարձր դոզայի պահպանումը՝ ռուս-թուրքական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ օպերատիվ ժամանակ ապահովելով, եւ երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության անսասանության եւ ընտրություններում «սահմանադրական մեծամասնությամբ» վերարտադրության ապահովումը:

Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը հենց դա նկատի ուներ, խոսելով Փաշինյանի ղեկավարած ուժի՝ մոսկովյան սցենարով ստացած «ժողովրդի վստահության» մասին, որն էլ պետք է լինի սուր եւ ցավոտ որոշումներ կայացնելու գինը: Փաշինյանն ինքն էլ իր ելույթներում պարբերաբար հղում է անում ժողովրդի վստահությանը, որն իրականում չկա: Ընտրությունների քվեարկության պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ հանրությունն իր մեծամասնությամբ մերժել է մուրճ-մանգաղ-աստղ մոսկովյան սցենարը:

Կասկածելի լեգիտիմությամբ խորհրդարանը եւ առավել եւս դրա մեծամասնությունն այսպիսով չունի «դեմարկացիոն ու խաղաղության» պայմանագրերը ստորագրելու եւ վավերացնելու մանդատ: Փոխարենը, խաղաղությունից, կայունությունից ու ճանապարհների բացումից ճամարտակող իշխող ուժն ու ռուսական ուղղությամբ դեռ նվնվացող ընդդիմադիր դաշինքները շանս ունեն ձեւավորել իսկապես պողպատե մանդատ՝ մերժելով եռակողմ փաթեթն ու պարտադրվող պայմանագրերը եւ իրագործելով Արցախի վերամիավորման ծրագիրը: Դրանից բացի այլ գործունեություն պարզ դավաճանություն է՝ այս ամիսների քարոզչական աղբն ու արդարացումներն ավարտված են:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/31/658489/