1in.am-ը գրում է․ Կրեմլի խոսնակ Պեսկովը չի մեկնաբանել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների հենակետեր տեղակայելու վերաբերյալ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը:

Փաշինյանը հայտարարել էր, որ այդ առաջարկը քննարկելու են ռուսական կողմի հետ: Կրեմլի խոսնակը հայտարարել է,որ Ռուսաստանը եռակողմ պայմանավորվածությունները կատարելու ուղղությամբ շարունակում է ակտիվ շփումը Երևանի և Բաքվի հետ ու քիչ ջանք չի գործադրել հրադադարը վերականգնելու համար: Ինչ է նշանակում Պեսկովի հայտարարությունը։

Արդյո՞ք դա մերժում է Երևանի առաջարկին ի պատասխան, ակնարկով, որ այդ առաջարկի ընդունումը կարող է Բաքվում հանգեցնել ռեակցիայի և հետևաբար «ջուրը գցել» հրադադարի ռուսական ջանքը:

Թե Կրեմլի խոսնակի արձագանքը ունի այսպես ասած միջանկյալ բնույթ և Մոսկվայի համար, կամ առնվազն Պեսկովի համար կարող է անակնկալ լինել Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնումը:

Բանն այն է, որ առաջարկն ընդունելու դեպքում Ռուսաստանը փաստորեն հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հայտնվելու է կայունության պատասխանատուի գրեթե անբեկանելի դիրքում: Եվ այստեղ առաջանում է հարց, թե արդյո՞ք Մոսկվան պատրաստ է այդ պատասխանատվության, ու նաև՝ ի՞նչ պայմաններով է պատրաստ ստանձնել այդ պատասխանատվությունը:

Իհարկե Երևանում Փաշինյանի առաջարկը ընկալվում է նաև հակառակ տրամաբանությամբ, այլ կերպ ասած՝ Ռուսաստանի հավակնություն, որը պարտադրվում է Երևանին: Համենայն դեպս Պեսկովի առաջին արձագանքը չի թողնում այդ տպավորությունը: Այդ դեպքում ինչո՞ւ է Երևանը անում առաջարկը, չունենալով նախնական քննարկում Մոսկվայի հետ: Թե՞ քննարկում եղել է, բայց հարցի վերաբերյալ չկա միարժեք մոտեցում կամ մոտեցումների բախում կա ՌԴ վերնախավում: