ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը որոշակիորեն հիշեցրեց նախապատերազմական շրջանը, ընդ որում տարիների, նվազագույնը տասնամյակի համատեքստով: Ադրբեջանը սկսած 2012-13 թվականներից կտրուկ մեծացրեց հրադադարի խախտումների ինտենսիվությունը թե Արցախի, թե Հայաստանի հետ սահմանին՝ հրաձգություն, արկակոծում, անգամ հրթիռակոծում, դիվերսիաներ, տանկային շարժեր, վարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցում:

Ակնհառու էր, որ Ադրբեջանը բավականին ինտենսիվ կերպով անցնում է ռազմական շանտաժի դիվանագիտության, այդպիսով փորձելով թե Հայաստանին, թե նաև միջնորդ համանախագահ եռյակին պարտադրել որոշակի օրակարգ: Փաստացի, Բաքվի մոտ ստացվում էր դա, ինչի վկայությունը, Սերժ Սարգսյանի խոստովանությամբ, Կազանի պլանի ձախողոււմն էր, Կազանյան գործընթացի տապալումը: Համենայնդեպս, երրորդ նախագահ Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Կազանում պատրաստ էր ստորագրել հինգ+երկու շրջանների վերադարձի մասին փաստաթուղթը, ընդ որում առանց կարգավիճակի հստակեցման, սակայն Ադրբեջանի նախագահ Ալիևը վերջին պահին բերել է ավելի քան տասնյակ կետից բաղկացած նոր փաստաթուղթ, որոնք անընդունելի են եղել հայկական կողմի համար: Այլ կերպ ասած, մոտ տասնյակ նոր պահանջներով Ալիևը տապալել է Կազանի խաղաղ կարգավորման հնարավորությունը, բայց համանախագահները դրանից հետո ոչ միայն հասցեական չեն դատապարտել նրա դիրքորոշումն ու վարքագիծը, այլ նույն կերպ անհասցե են թողել նաև կազանյան տապալմանը հաջորդած ռազմական շանտաժի դիվանագիտության ինտենսիվացումը:

Ալիևը օրեցօր լկտիանում էր սահմանին հրադադրի ռեժիմի խախտման հաճախակիության և մասշտաբների տեսանկյունից, սակայն համանախագահները հրադադրի կոչը ուղղում էին հավասարապես երկու կողմերին, հորդորելով ձեռնպահ մնալ ապակայունացումից և հավատարիմ լինել խաղաղ գործընթացին: Ամեն այդպիսի հայտարարություն հաջորդում ու նախորդում էր նորանոր սադրանքների, որ ռազմական շանտաժի դիվանագիտության առումով վարում և ինտենսիվացնում էր Բաքուն: Դա նշանակում է, որ Ադրբեջանին հաջողվում էր թելադրել իր օրակարգը, ինչի ցավագին վկայություն էր ընդհուպ այն, որ Բաքուն անպատիժ մնաց անգամ ապրիլյան քառօրյայի համար, և ավելին՝ համանախագահները թույլ տվեցին Ադրբեջանին շրջանառել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը: Այդ ամենի խոստովանության մի տարբերակ էլ Սերժ Սարգսյանի ելույթն էր ապրիլի 17-ին, 2018 թվականին, Հայաստանի խորհրդարանում, ուր ներկայացել էր որպես Հայաստանի վարչապետի թեկնածու:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում