«Ադրբեջանն ունի նպատակադրում վնասել ՀԱՊԿ վարկանիշին։ Եվ ընդհանրապես Ադրբեջանի գործողություններն ուղղված են նաև ՀԱՊԿ դեմ և ուղղված են նաև ռուս խաղաղապահ առաքելության դեմ։ Մենք պետք է աշխատենք մեր ՀԱՊԿ գործընկերների հետ», ասել է իշխող մեծամասնության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, ով այսօր ընտրվել է ԱԺ փոխնախագահ, իսկ մինչ այդ աշխատում էր ԱԳ փոխնախարար, երեւի ապահովելու համար «քաղաքական կապը» ԱԳՆ «ինքնավար» ղեկավարության ու վարչապետի աշխատակազմի միջեւ, որն անհաջող ավարտ ունեցավ նրա համար։

Անդրադառնալով հարցին, թե հստակ ժամկետ կա՞, որ եթե ՀԱՊԿ-ը չարձագանքի, Հայաստանը կարող է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներին, Ռուբինյանը պատասխանել է. «Հստակ ժամկետ չկա, ամեն ինչ կախված է զարգացումներից»։ Միաժամանակ, նա ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու համար պետք է համապատասխան մթնոլորտ ապահովված լինի, աշխատանք տարվի։ Բացի այդ, կա քաղաքական և արտաքին քաղաքական պատեհության և նպատակահարմարության հարց, ասել է նա։

Իշխող մեծամասնության ներկայացուցիչների մանր գավառական «շուստրիությունը» աչք է ծակում պարզապես: Էլ ավելի հետաքրքիր է դրա ժամանակային կտրվածքը: Հայաստանն ունի՞ այդ ժամանակը, թե դա Բաքվի պատճառով «անհարմար վիճակում» հայտնված Ռուսաստանի ժամանակն է՝ իր պլաններն իրագործելու համար, որի մեջ են մտնում Արցախի հարցի փակումն օրինականացնելը, այսպես կոչված «Ադրբեջանի»՝ որպես պետության, լեգիտիմացումը, Մինսկի խմբի չեզոքացումը, «դեմարկացիոն-կոմունիկացիոն եւ խաղաղության» պայմանագրերը:

Իսկ այդ ժամանակն ունե՞ն Մինսկի խումբն ու դրա արեւմտյան համանախագահները, որոնք դեռ բաց են պահում հայկական իրավունքների ու պահանջների դուռը, երեւանյան վարչակազմի մերժումների պայմաններում: Դատելով համանախագահների վերջին հայտարարությունից, որը կարող է վերջինը լինել ընդհանրապես, այդ դուռն արդեն փակվում է:

ՔՊ գործիչների աբսուրդը հասնում է գագաթնակետին, եւ կարիք կա Նիկոլ Փաշինյանի անհապաղ անմիջական միջամտության՝ իր դեմագոգիկ տաղանդի ողջ ուժով, քանի դեռ ուշ չէ: Կայունության ու խաղաղության, բացված ճանապարհների իդիլիան քաղաքական անմեղսունակության հետեւանք լինելուց բացի ուղիղ երաշխիք են թշնամուն, դրանից բխող անձնական պատասխանատվությամբ՝ ամեն զոհի ու կորուստների համար:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/08/03/659086/