«Պարոն Քոչարյան, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն բնույթի հայտարարությունից հետո, որի առաջին կետում ամրագրված էր հրադադարի մասին փաստը, այնուամենայնիվ, Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ և ծավալապաշտական քաղաքականությունը: Նման ագրեսիայից հետո, որը տեղի է ունեցել հուլիսի 28-ին, ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել, որ հակառակորդը ՌԴ-ում տեղի ունեցող բանակցություններից առաջ նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ պետական սահմանների վրա: Պարո՛ն Քոչարյան, ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը, և ի՞նչ է դրված բանակցությունների սեղանին»,- ԱԺ-ում՝ դիմելով Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Արձագանքելով՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Մոսկվայում մեր ռազմավարական գործընկերոջ պաշտպանական գերատեսչության հետ քննարկվել են այդ սահմանային իրավիճակներում հնարավոր զարգացումները կանխելը: Այս պահի դրությամբ, թե ուր են հասել, մեր Զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի միջև ի՞նչ պայմանավորվածություններ են հաստատվել, ես կդժվարանամ ասել, բայց կարծում եմ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության երբեք չի կարող լինել: Ամեն ինչ կախված է այդ զարգացումներից, թե մենք մեր կորցրած հնարավորություններն ինչքան արագ կարող ենք վերականգնել»: