«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 12-ին կայանալիք Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին մասնակցելու համար հայրենի իշխանությունը թեկնածու է փնտրում:

Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը նպատակ ունի պալատը եւս իր հսկողության տակ վերցնել, քանի որ ներկայիս նախագահ Արա Զոհրաբյանին չկարողացավ իրեն ենթարկեցնել, եւ հիմա փորձում է իրեն հավատարիմ մարդու բերել՝ ՓՊ-ն ամբողջությամբ վերահսկելի դարձնելու համար:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է լավ իրավաբան, մասնագետ առաջարկել, որպեսզի կարողանա մասնակցել նախագահի ընտրություններին: Նշենք, որ Փաստաբանական պալատի նախագահի ընտրությունների քարոզարշավը սկսվելու է օգոստոսի 21-ից, իսկ մինչեւ օգոստոսի 20-ը ներառյալ կլինեն թեկնածուների առաջադրումները։ Այսինքն՝ այսօր՝ մինչեւ օրվա ավարտը, իշխանությունը պետք է հստակեցնի՝ արդյոք ունենալու է իր թեկնածուն, թե այդպես էլ հարմար թեկնածու չունենալու պատճառով չի մասնակցելու ընտրություններին: Հայտնի է, որ ՓՊ նախագահի թեկնածու է առաջադրվել Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, որն իշխանության համար մերժելի թեկնածու է, քանի որ վերջինս Զոհրաբյանի թիմակիցն է համարվում:

Մեր աղբյուրները չեն բացառում, որ իշխանության թեկնածուն կարող է լինել անգամ ԱԺ նախկին իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Նրան այս անգամ իշխանությունը ԱԺ ընտրությունների ընտրացուցակում չտեղավորեց: Նիկոլայ Բաղդասարյանի մասին խոսելիս փաստաբան գործընկերները մշտապես ասում են, որ նրա մանկության երազանքն է Փաստաբանների պալատի նախագահ դառնալը։ Հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականի ապրիլին Արա Զոհրաբյանը Նիկոլայ Բաղդասարյանին հեռացրեց ՓՊ տնօրենի պաշտոնից, որից հետո Բաղդասարյանն ամեն կեղտոտ քայլ իրականացրել է Զոհրաբյանի դեմ:

Հավելենք, որ Նիկոլայ Բաղդասարյանի փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը եւս կասեցվել է, քանի որ նա հանդիսանում է հանրային պաշտոն զբաղեցնող անձ՝ վարչապետի խորհրդական:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։