Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Համեմատեք,Վաշինգտոնի արվարձան Առլինգտոնի զինվորական գերեզմանատունն է, եւ Եռաբլուրը։ Հանուն հայրենի հողի զոհվածների վրայի հողը բետոնապատում են, որպեսզի հետագայում արտաշիրիմում չանեն, ԴՆԹ-ի կասկածելի տվյալների հիման վրա ճանաչված դիակների վերաբերյալ դատեր չկայանան․ զանազան պաշտոնյաներ պատասխան չտան իրենց ապօրինությունների եւ սխալների համար։ ՀՀ պաշտպանության նախարարության պարզաբանումն այդ կապակցությամբ ավելի շատ հարցեր է առաջացնում, այդ ի՞նչ մասնագետներ են , որոնք որոշել են բետոնապատել զոհվածների գերեզմանները, ինչո՞ւ է որոշվել բազալտե հատակ տեղադրել եւ այլն։ Ահավասիկ պաշտպանական գերատեսչության հայտարարությունից հատված․ «Ս.թ. փետրվար-մարտ ամիսներին, մասնագետները կազմել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված 2020թ. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների գերեզմանների կառուցապատման, ինչպես նաև հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի նախագիծ-առաջարկը:
Պաշտպանության նախարարության ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատանքներն իրականացնել 2 փուլով.
1. Հուշահամալիրի գերեզմանների շինարարական աշխատանքների իրականացում,
2. Բարեկարգման, ինժեներական համակարգերի և օժանդակ կառույցների իրականացում:
Սահմանված կարգով շինարարական 4 կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր և, յուրաքանչյուր կազմակերպության համար առանձնացված տեղամասերում, նախապես համաձայնեցված նախագծային լուծումներով, ներկայում իրականացվում է գերեզմանների կառուցապատումը` ներառյալ հաստատված հատակագծերով հուշաքարերի տեղադրումը, բազալտե հատակի կառուցումը և այլն: Թեև հուշաքարերը հատակագծվել են քննարկելով մի խումբ հարազատների հետ, համաձանեցվել ճարտարապետի հետ, այնուամենայնիվ, որոշ հարազատներ հայտնել են իրենց անհամաձայնությունը»:
Եռաբլուրում արվող բետոնապատումը սրբապղծություն է, որը չի կարելի հանդուրժել»։