ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը բանակն արդիականացնելու երեք հիմնական խնդիր է դրել՝ նոր և որակով սպառազինություն, զենքի սեփական արտադրություն և երրորդ՝ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների միջև միջնորդների բացառում: Նախարարը նշել է, որ այս երեք խնդիրների կատարման մեջ կարևոր դեր է խաղալու Ռուսաստանը:

«Մենք պլանավորում ենք ունենալ որակով ու նոր սպառազինություն, մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց: Դա մեր քաղաքականությունն է: Ավելի լավ է՝ մենք ունենանք քիչ, բայց որակով, և հստակ իմանանք, որ այդ սպառազինությունը գործելու է», ասել է Արշակ Կարապետյանը զենքի մոսկովյան ցուցահանդեսում:

«Չգործող սպառազինության» թեման Արցախում պատերազմից ի վեր լայնորեն շրջանառվում է ներքին բանավեճերում, ընդ որում՝ կապված ոչ այնքան զենքի հնության կամ ֆիզիկական վիճակի հետ։ Խոսքը մասնավորապես ՀՕՊ եւ բարձրտեխնոլոգիական այլ համակարգերի մասին է։ Հայաստանի դեմ ռուս-թուրքական համաձայնությունները եւ ագրեսիան՝ հայկական կանխորոշված պարտությամբ, ենթադրում էին նաեւ հայկական կողմի տրամադրության տակ եղած սպառազինության վերահսկողության բաղադրիչը, որի վկայությունները բազմաթիվ են։ Այսինքն, հայկական պարտությունը պիտի ապահովվեր ժամանակակից միջոցների դեմ համարժեք միջոցների կիրառման ընդհատումներով։


Այս ֆոնին, Արշակ Կարապետյանի հայտարարությունները չարագուշակ են թվում։ Ինչպե՞ս համոզվել, որ ռուսական նոր սպառազինությունը գործելու է, այն էլ՝ երբ բանակի արդիականացումն արվելու է Ռուսաստանի հետ, ենթադրվում է՝ «վահանակը» մնալու է ռուսների ձեռքի՞ն։ Այն պարագային, երբ Հայաստանի դեմ Լավրովյան ծրագրի ընդլայնված բաժինները ենթադրում են նաեւ բանակի կազմաքանդումը եւ չթռչող եւ չկրակող մետաղի ջարդոնը։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/08/25/663692/