ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԺ-ում «ընդդիմադիր» խմբակցություններից մեկում վնգստացող կիսադաշնակ կա, ով հոկտեմբերի 27-ի մասին իր ելույթներում պարտադիր փորձ է անում կախվել ինձանից։
Ամենևին պատահական չեն այդ փորձերը։ Հասկանում եմ, որ սույն տմարդը երբեք որևէ բան ինքնուրույն չի արել՝ նրա բոլոր քայլերն ու գործողությունները եղել են կոնկրետ հանձնարարությամբ՝ կամ իր նախկին (թե ներկա) կուսակցության, կամ Ռոբի, կամ Սերժի։
Ուզում եմ կրկին վերահաստատել նախկինում մի քանի անգամ ասածս միտքը՝ 2019-ի աշնանը, երբ սույն արարածի կուսակից Նաիրին վաղաժամկետ ազատման դիմում էր գրել, որպես ԱԺ պատգամավոր կապվել եմ ԱԱԾ մեկուսարանի այն ժամանակվա տնօրենին, հայտնել եմ Նաիրիին տեսակցելու իմ ցանկության մասին, հարցը քննարկվել է Արդարադատության այն ժամանակվա նախարարի հետ, ապա տնօրինությունը իմ ցանկությունը փոխանցել է Նաիրիին, ստացել ինձ հետ հանդիպելու նրա համաձայնությունը, որից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով մեկուսարանի տնօրենի ներկայությամբ մի քանի ժամ տևողությամբ զրույց եմ ունեցել հոկտեմբերի 27-ի գլխավոր ոճրագործի հետ։
Այդ հանդիպման մասին խոսել է ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ Ավելի ուշ որոշ մանրամասներ քննարկել եմ այն ժամանակ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանի հետ։
Ինձ համար տարօրինակ ու պատահական չէ Ազգային ժողովում հայտնված սույն արարածի անհանգստությունը։ Նաիրիի հետ հանդիպման ժամանակ շատ ուշագրավ մանրամասներ են ինձ հայտնի դարձել սույն անձի կուսակից ընկերների և Նաիրիի միջև շփումների մասին։ Գործով դրանց մի մասին շատերը տեղյակ են։ Ոճրագործության երբևէ ամբողջական բացահայտման քաղաքական կամք լինի, այլ մանրամասներ ևս ի հայտ կգան։
Բայց սրան և մյուսներին՝ ուզում եմ զգուշացնել՝ բոլորիդ ժամը գալու է։ Զարմանում եմ, թե ինչու եք բողոքում այս բարեգութ իշխանությունից։ Երկրպագեք նրանց, որ ձեր նման դավադիր դավաճաններին մինչև հիմա թողել է ազատության մեջ, ձեր նման պետական հանցագործներին ոչ թե նստացրել է ամբաստանյալի, այլ թույլ է տվել նստել Ազգային ժողովի պատգամավորի աթոռին»։