Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 26-ին, քննարկում է Կառավարության ծրագիրը։ Նախօրեին նիստն ավարտվել էր մտքերի փոխանակության ժամանակ։ Այսօր ելույթ կունենան եւս չորս պատգամավորներ, ելույթներով հանդես կգան խմբակցությունների ղեկավարները, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա եզրափակիչ խոսքով եւ տեղի կունենա քվերակություն։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով օգոստոսի 24-ին, գումարվել էր Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը:

Նշենք, որ նախորդ երկու օրերն Ազգային ժողովում անցել են լարված մթնոլորտում։ Նախ քննարկման առաջին օրը միջադեպ է տեղի ունեցել իշխող եւ ընդդիմադիր ուժերի պատգամավորների եւ ՊՊԾ աշխատակիցների միջեւ։ Քաշքշուկի հետեւանքով վնասվածքներ են ստացել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ու «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։

Իսկ երեկ՝ օգոստոսի 25-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ելույթի ժամանակ նշել էր, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, հայրենիքի դավաճաններ են։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից արձագանքել էր, որ Սարգսյանն է հայրենիքի դավաճանը եւ իր սեղանին դրված շիշը նետել նրա ուղղությամբ։ Դրանից հետո իշխող ուժի պատգամավորները որպես պատասխան եւս շշեր էին նետեցել ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ։

Հայտարարված ընդմիջումից հետո իրավիճակը կրկին լարվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ընթացքում։ Իշխանական պատգամավորները տեղից արձագանքել էին Հակոբյանին, ապա Վահագն Ալեքսանյանը, Հայկ Սարգսյանը եւ Վահե Ղալումյանը հարվածներ էին հասցրել Վահե Հակոբյանին։