Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու հնարավորությունները:

Արշակ Կարապետյանը նույն օրը հանդիպել է նաև Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունի հետ: Կողմերը բարձր են գնահատել հայ-չինական համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական և այլ ոլորտներում: Քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը և հետագա ծրագրերը:

Ինչի՞ հետ էին կապված ԱՄՆ և Չինաստանի դեսպանների գրեթե միաժամանակյա հանդիպումները Հայաստանի պաշտպանության նախարարի հետ: Օգոստոսի 30-ին ԱՄՆ-ն հայտարարել է Աֆղանստանում պատերազմի ավարտի մասին և դուրս է բերել իր վերջին զինվորականներին այդ երկրից: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համագործակցում է թալիբների հետ տարհանման անվտանգության ապահովման հարցում, և համագործակցությունը կշարունակվի, եթե թալիբները չաջակցեն ահաբեկչական խմբավորումներին: Իր հերթին, Աֆղանստանը հայտարարել է երկիրը տարանցման համար բացելու մտադրության մասին:

Աֆղանստանի խնդիրը փորձագետները կապում են նաեւ «կոմունիկացիաների պատերազմի» հետ, որը տեղի է ունենում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև: Կոմունիկացիաները ոչ միայն ճանապարհներ են, այլեւ վերահսկողություն և ազդեցություն, և այս համատեքստում Հայաստանը կարևոր տեղ է գրավում հաղորդակցության քարտեզի վրա: Մոսկվան ու Անկարան արագացնում են Հայաստանի տարածքով էքստերիտորիալ ճանապարհների բացումը, պարտադրելով պատերազմի արդյունքներն ամրագրող պայմանագիր:

Այս տարվա հունիսին ատլանտյան վեհաժողովներից հետո Բայդենը հայտարարեց խոշոր նախագիծ գործարկելու մտադրության մասին, որը կարող է մրցակից դառնալ չինական «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախագծին: Չինաստանը հավանություն է տվել «Մեղրիի միջանցքն» իր նախագծին ներգրավելու ռուս-թուրքական առաջարկին։ Փոխարենը, Սև ծովից մինչև Պարսից ծոց հյուսիս-հարավ ճանապարհը կարող է անցնել Հայաստանով, ինչը արժանացել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությանը: Մեղրին դարձել է երկու մեգանախագծերի «հատման կետը», և Ռուսաստանն ու Թուրքիան ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի հարավում:

Այս համատեքստում Հայաստանի առջեւ սեփական ինքնիշխան տարածքի պաշտպանության ունակության հարցն է առաջ գալիս: Միացյալ Նահանգների և Չինաստանի դեսպանների այցը Հայաստանի պաշտպանության նախարարին պետք է դիտարկել այդ համատեքստում՝ արդյոք Հայաստանը պատրաստ է պաշտպանել իր ինքնիշխանությունը եւ հաղորդակցությունների իրավասությունը:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/08/31/665058/