Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանն ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը վերադարձել է Մադրիդի «Աթլետիկո», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իսպանիայի չեմպիոնը մեկ տարով վարձակալել է 30-ամյա ֆուտբոլիստին: «Աթլետիկոն» ցանկացած պահի կարող է ևս մեկ տարով երկարաձգել վարձակալական պայմանագիրը, սակայն պարտավորված է 40 միլիոն եվրոյով գնել նրա տրանսֆերային իրավունքը:

Անտուան Գրիզմանն «Աթլետիկոյում» խաղացել է 2014-2019-ը: Մադրիդցիների կազմում նա անցկացրել է 257 հանդիպում ու դարձել 133 գոլի հեղինակ: 2019-ի ամռանը ֆրանսիացին «Բարսելոնա» էր տեղափոխվել 120 միլիոն եվրոյի դիմաց: