Օկուպացված Շուշիում Ալիևը հայտարարել է, որ Արցախի հայերը «ցանկանում էին իրենց խորհրդարանը տեղափոխել Շուշի և նույնիսկ սկսեցին շենք կառուցել», սա դիտարկելով որպես սադրանք:

Անատոլիա, Պոլիս, Սևրի պայմանագիր, Մինսկի խումբ, Արցախի կարգավիճակ, հայկական Շուշի. այս անվանումները ռուսներն ու թուրքերը դիտարկում են որպես սադրանք և «թշնամական գործողություններ»: Բայց գլխավոր գրգռիչը հայկական բանակն է: Հայաստանի ինչի՞ն է պետք բանակը, ասում է Ալիևը, իսկ ​​ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ սկսում է բանակի «բարեփոխումը և արդիականացումը» ռուսների հետ՝ զորակոչի ու թվակազմի կրճատմամբ:

Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ երկրի անվտանգության պաշտպանության գործառույթները փոխանցել է օտարերկրյա ուժերին: «Գորիսի և Կապանի շրջաններում ստեղծվել են 102-րդ ռուսական բազայի հենակետեր, ռուս սահմանապահներ են տեղակայված նաև ՀՀ պետական ​​սահմանի մի շարք հատվածներում, Ռուսաստանը ներգրավված է Սոթք-Խոզնավար հատվածում իրավիճակի վերաբերյալ քննարկումներում: Եվ, իհարկե, ռուս խաղաղապահների առկայությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման առանցքային գործոնն է», ասել է Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում:

Ինքնապաշտպանության հիմնարար իրավունքից կամավոր հրաժարվելը անխուսափելիորեն կհանգեցնի նոր կորուստների և դժվարությունների: Եվս մեկ հայ զինվոր է երեկ մահացել Երասխի հատվածում:

Ռուս խաղաղապահները «հանկարծ» սկսել են պարեկել Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, հեռացնելով հայկական ուժերին, որոնք հաջողությամբ կատարում իրենց գործը արդեն 10 ամիս: Համայնքի ղեկավարները մտահոգված ասում են, որ դա կարող է ագրեսիվ գործողությունների նախերգանք լինել: Ինչու՞ հայկական բնակավայրերը չեն կարող պահպանվել հայկական զորքերի կողմից:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/09/02/665356/