Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից եւ Լավրով-Արարատ Միրզոյան հանդիպումից հետո ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ամփոփեց» արդյունքները, ավելի ճիշտ՝ առավել մատչելի լեզվով վերահաստատեց Մոսկվայի հակահայ ծրագիրը։ Նրա ճեպազրուցից առանձնացնենք երկու առանցքային պահերը

Ռուսաստան-Մինսկի խումբ

Հայկական զլմ-ներն այս հատվածը ներկայացրել են «Մոսկվան աջակցում է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը» վերնագրով, ինչը թյուր տպավորություն է ստեղծում։ Մոսկվայի դիրքորոշումը ներկայացված է հստակ․ «Տարածաշրջանային նոր իրողությունների համարժեք դիտարկման պայմաններում մենք կարծում ենք, որ համանախագահները կարող են նպաստել Երեւանի եւ Բաքվի միջեւ վստահության ամրապնդմանը, ինչպես նաեւ հումանիտար հարցերի լուծմանը: Դա կծառայեր արդեն քաղաքական խնդիրների քննարկմանը անցնելուն․․․», նշել է նա: Այսինքն, Մոսկվան համանախագահների դերը տեսնում է հումանիտար հարցերում եւ դեմ է քաղաքական կարգավորմանը ՄԽ շրջանակում, ավելի ճիշտ՝ ջանքեր է գործադրում նոյեմբերի 9-ի «եռակողմ» փաթեթը կամ Լավրովի իրականացված պլանը խմբի շրջանակում լեգիտիմացնել որպես կարգավորում, որը բացառում է հայկական իրավունքները։ Մոսկովյան տեքստերում «քաղաքական կարգավորում» ձեւակերպումը վերաբերում է հենց դրան։ Հայաստանի դեմ ահագնացող ճնշումները նպատակ ունեն անշրջելի դարձնել «տարածաշրջանային նոր իրողությունները»։

Ռուսաստան – հայ-թուրքական հարաբերություններ

Փաշինյան-Էրդողան «դրական ազդակների» փոխանակման կապակցությամբ Մարիա Զախարովան ասել է․ «Մենք նպաստել ենք 2009 թվականին Ցյուրիխում այսպես կոչված ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը, դրանք ենթադրում են Անկարայի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների փուլային կարգավորում։ Ռուսաստանը պարզապես միջնորդի դեր չի ունեցել, այլ առանցքային դեր է ունեցել։ Ցավոք, նախաձեռնությունները, որոնք ձեռք են բերվել ՌԴ միջնորդությամբ, կողմերը չեն իրականացրել։ Դա յուրաքանչյուր պետություն կամքն է։ Մենք պատաստ ենք աջակցել երկու հարեւան պետությունների մերձեցմանը։ Մենք ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ մեկտեղ՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եւ 2021թ․ հունվարի 11-ի հայտարարությունների համատեքստում, դա դրական կազդեր տարածաշրջանում խաղաղության, կայունություն եւ բարգավաճման համար»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում