«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշնան ընթացքում Հայաստանի մի շարք համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնք կարևոր հանգրվան կարող են դառնալ երկրի քաղաքական միավորների համար համայնքներում իրենց ուժերը չափելու նպատակով։ Այնպես որ, առաջիկայում վերստին քաղաքական գործընթացների ակտիվացում է սպասվում։ Եվ, բնականաբար, յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ձգտելու է համայնքային մակարդակում համապատասխան քաղաքական ռեսուրսներ ստեղծել՝ հետագա համապետական ընտրություններում ավելի ամուր դիրքերից հանդես գալու համար։

Սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացում ընդգրկուն անդրադարձ եղավ նաև ՏԻՄ-երի հարցին։ Քարոզարշավի ընթացքում Փաշինյանը ցույց էր տալիս, որ իրեն հատկապես անհանգստացնում է այն փաստը, որ մի շարք համայնքների ղեկավարներ ոչ թե իշխանություններին են սատարում, այլ աջակցում են ընդդիմությանը։ Իսկ այդ հանգամանքը որոշ մարզերում պատկեր է փոխում։

Դրանով պայմանավորված՝ Փաշինյանն իր նախընտրական հանդիպումների ժամանակ մուրճով սպառնում էր այդ համայնքապետներին՝ նշելով, որ քաղաքական վենդետա է լինելու, նրանք պետք է ընտրություններից հետո անմիջապես դիմումներ գրեն և հեռանան։ Եվ ահա, ընտրություններից հետո գրանցվեցին այնպիսի դեպքեր, որ իշխանության ներկայացուցիչները տարբեր ճնշումների միջոցով համայնքապետներին ուղղակի սպառնում են, որպեսզի նրանք ազատման դիմումներ գրեն ու հեռանան։ Որոշ դեպքերում էլ համայնքապետներին հեռացնելու նպատակով նրանց շինծու քրեական գործերի թիրախ են դարձնում։ Իսկ ում չկարողացան այդ միջոցով հեռացնելու ճանապարհներ գտնել, փորձեցին «վերբովկա» անել։

Սակայն տվյալ դեպքում իշխանություններին ժողովրդավարության հարցը չի էլ հուզում, դա երկակի ստանդարտների խնդիր է, չէ՞ որ համայնքապետներն իրենց մանդատը ստացել են համայնքների բնակչությունից, այլ ոչ թե նշանակվել են իշխանությունների կողմից, որ իշխանությունները նրանց հեռացնեն։ Եվ սրանով իշխանություններն անտեսում են ժողովրդի ձայնը։ Սակայն ժամանակ կար, երբ, օրինակ՝ Աբովյանում իշխանության թեկնածուն պարտվեց, Փաշինյանը հայտարարեց, թե հաղթել է ժողովրդավարությունը, քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սակայն առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ այսօրվա իշխող ուժը գործի է դրել բոլոր հնարավոր լծակները ՏԻՄ-երն ամբողջությամբ զավթելու համար։

Ճիշտ է՝ քաղաքական ուժերի, այդ թվում՝ բնականաբար, իշխանական ուժի համար, նորմալ երևույթ է ՏԻՄ ընտրություններում հաղթելու համար պայքարելը, բայց հարցն այն է, թե ինչ ճանապարհով։ Քանի որ 4 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցկացվում, ապա իշխանությունները փորձում են արագ կերպով ինչքան հնարավոր է շատ համայնքներ խոշորացնել։ Հաշվարկն այն է, որ դրանով տեղերում հեղինակություն վայելող համայնքապետների հնարավորությունները կարող են փոքրանալ, իսկ ՔՊ-ի համար նոր շանսեր ստեղծվել։

Այս ճանապարհին իշխանություններին այնքան էլ չի հուզում այն հարցը, թե տվյալ համայնքներում խոշորացումն իրոք անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ոչ։ Մի շարք համայնքների բնակիչներ արդեն իսկ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, որ խոշորացման արդյունքում իրենց համայնքները ոչ մի օգուտ չեն ստանալու և ավելի անտեսված վիճակի են մատնվելու։ Այսպիսի գործելակերպի հետ մեկտեղ իշխանությունները սկսել են խոսել հեղափոխական արժեքներին հավատարիմ թեկնածուների առաջադրման մասին։ Իսկ մենք միամտաբար գիտեինք, թե ՏԻՄ ղեկավարների ընտրության համար այլ արժեքներ են պետք, որոնք կբխեն տվյալ համայնքի զարգացման շահերից։

Մյուս կողմից էլ՝ որպեսզի իշխանություններն այս անգամ արդեն ամբողջովին չխժռեն ՏԻՄ համակարգն ու որոշակի բալանս ապահովվի, ապա ընդդիմությունը պետք է ակտիվ աշխատանքներ տանի տեղերում։ Այստեղ նաև ընդդիմադիր ուժերի միասնականության հարցն է բարձրանում։ Հարկ է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական օրակարգով հանդես գան, այլապես եթե նրանք տարանջատվեցին, ապա փոշիացնելու են իրենց ձայները և դրանով ջուր են լցնելու իշխանությունների ջրաղացին»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում