Օգոստոսի 24-ին կառավարության գործունեության 5-ամյա ծրագիրը ներկայացնելիս ես արձանագրեցի, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է լինելու եւ սա արձանագրված է ԱԺ կողմից ընդունված ծրագրում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ ծրագիրը դարձել է աշխատանքային օրակարգ մեզ համար: Ինչպես տեղյակ եք, վարչապետի պաշտոնում վերընտրվելուց հետո հասցրել եմ լինել Իրանում, այսօր էլ մեկնում եմ Վրաստան: Թե Իրանի, թե Վրաստանի մեր քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տրածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման եւ այս համատեքստում կարեւորում եմ Հյուսիս-Հարավ նախագիծը, որը Իրանի հետ մեր սահմանը կապում է Վրաստանի հետ մեր սահմանին: Մեզ համար շատ կարեւոր է նաեւ երկաթուղային կապի հաստատումը ՌԴ-ի եւ Իրանի հետ: Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը: Մենք վճռական ենք ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների հասնելու համար գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ Նախիջեւանի հետ:

Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ մենք տրամադրված ենք վերականգնել խաղաղ գործընթացը Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,-ասաց նա:

Փաշինյանը կարեւորեց նաեւ Ադրբեջանի հետ սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելու օրակարգը, որի շուրջ շարունակում են աշխատել դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ. «Հույս ունենք օր առաջ ավարտին հասցնել մեր գերիների, պատանդների, եւ այլ պահվող անձանց ՀՀ վերադարձնելու գործընթացը»: