Սեպտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնում է Վրաստան։ Հանդիպումների օրակարգի մասին չի հայտնվում, սակայն կարելի է ենթադրել, որ Թբիլիսիում քննարկվելու են Հյուսիս-Հարավ միջանցքի, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության համակարգի խնդիրներ։

Այցը կայանալու է նոր իրողությունների պայմաններում։ Վրաստանն, ինչպես Էրդողանն է ասում, հրաժարվել է միանալ թուրքական կողմի առաջարկած «3+3 հետպատերազմյա պլատֆորմին»։ Փաստորեն, Վրաստանը չի ուզում աշխատել ռուս-թուրքական սխեմայի մեջ, որը պարտադրվում է տարածաշրջանին։

Երկրորդ՝ Վրաստանն արդեն սկսել է կառուցել թունելը, որը կդյուրացնի հայկական մեքենաների երթը Ռազմա-վիրական ճանապարհով։ Թունելի կառուցման մեկնարկը նշանակում է, որ Վրաստանը հրաժարվում է բացել Աբխազական երկաթուղին։

Իր հերթին, Վրաստանի համար մտահոգիչ է ռուս զինվորականների հնարավոր ներկայությունը հայ-վրացական սահմանին։ Ներկայում Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են ռուսական ուժերի՝ «հայ-ադրբեջանական ամբողջ սահմանագծով» տեղակայելու հնարավորությունը։ Այդ դեպքում Մոսկվան եւ Բաքուն վերահսկողություն կսահմանեն հայ-վրացական մայրուղու վրա։ Դա Հայաստանի լիակատար շրջափակման ծրագիրն է՝ «հաղորդակցությունների բացման» անվան տակ։

Այս պահին Վրաստանի հետ սահմանը մնում է Հայաստանի վերահսկողության տակ։ ԶԼՄ-ներում տեղեկություն է հրապարակվել, ըստ որի Ռուսաստանը պահանջում է իր վերահսկողության տակ փոխանցել նաեւ հայ-վրացական սահմանը։ Տավուշում ռուս զինվորների հայտնվելը անհանգստությամբ է ընդունվել Վրաստանում, ինչպես տագնապով ընդունվեցին Իրանում «Մեղրիի միջանցքի» խնդիրները։