«Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ռուսաստանին նրանով, որ միակողմանի գործողություններ է ձեռնարկում այն պատրվակով, որ սահմանազատում եւ սահմանագծում չի եղել»: «Եթե Ադրբեջանի կամ Թուրքիայի կամ որեւէ մեկի գործողությունները Հայաստանի դեմ ձեռք բերեն ռազմական հարձակման, ագրեսիայի բնույթ, Ռուսաստանը ստիպված կլինի, չնայած Ադրբեջանի կամ տարածաշրջանում մեկ ուրիշի հետ լավ հարաբերություններին, ցույց տալ իր հավատարմությունը դաշնակցային պարտավորություններին: Հենց այդպես է Ռուսաստանը միշտ արել»: «Ռուսաստանի Դաշնությունը կկարողանա բացատրել, այդ թվում՝ Ադրբեջանին, հավանաբար եւ Թուրքիային, այստեղ իր ներկայության անհրաժեշտությունը, որպեսզի պատերազմը չվերսկսվի»: «Թուրքիան հայտարարեց Կովկասում իր ներկայության պահանջների մասին, եւ սա մեզանից առաջ տեղի ունեցածի հիմնական բացասական արդյունքն է: ․․․ ռուս-թուրքական դիտորդական այս կենտրոնի գործունեությունը, այո, ռուսական կողմի ստիպված որոշումն է»:

Այս մտքերն Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտաբերել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լազարեւսկի կոմիտեի համահիմնադիր եւ Կրեմլի «պրոհայկական» ուղղության թերեւս վերջին ներկայացուցիչ Կոնստանտին Զատուլինը։

Նրա ջանքերն անկասկած հարգանքի են արժանի՝ Կոնստանտին Ֆյոդորովիչն անկեղծորեն փորձում է փրկել Ռուսաստանի վարկի վերջին մնացորդները հայ հանրության աչքին։ Հայաստանի միակ մեղավորության վրա կառուցված քարոզչական փուչիկը պայթել է, հիմա գործի է դրվում «Ռուսաստանը ստիպված էր․․․» թեզը։

Պետք է ասել, որ մոսկովյան մյուս «պրոհայերը» վաղուց հրաժարվել են այդ անշնորհակալ գործից։ Օրինակ, հայ մամուլի ցանկալի հյուր Տարասովը Բաքվին ու Անկարային կոչ է անում արագացնել էքսպանսիան Հայաստանում, փողով հեղեղել, թույլ չտալ, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Հայաստանը պոկեն, քանի որ դա սպառնալիք է Բաքվին ու Անկարային։

Ռուսաստանը ստիպված է գնացել այդ քայլերին, Ռուսաստանը ցանկանում է ակտիվացնել Մինսկի խումբը, Բաքուն շանտաժ է անում, Մոսկվայի քաղաքականության մեջ պրոհայկական երանգներ են նկատվում․․․ վերջին շրջանում հայ մամուլում տարածվող այս մտքերը նման են փրփուրներից կախվելուն՝ հուզիչ սպասումով, որ հիմա-հիմա փրկօղակը կնետվի։

Խնդիրն այն չէ, թե Ռուսաստանի քաղաքականությունը չի կարող «փոխվել»․ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, այդ թվում Ռուսաստանի պարագայում։ Բայց միայն՝ մի դեպքում․ հայերն այդ դեպքին վերջին 100 տարում բախվել են երկու անգամ։ Երրորդն էլ անխուսափելի է, խնդիրն այն է՝ ինչ վիճակում է լինելու Հայաստանն այդ պահին։ Եվ ինչ էլիտաներ են առաջնորդելու հանրությանը՝ ներկայիս «ռուսը չլինի՝ թուրքն է լինելու» վախերի ու բարդույթների, թե ազգային իրավունքների գիտակցության կրողները։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/09/09/667054/