Չենք ուզում, որ թուրք Փաշաևը գա մեր երեխեքի օջախ. Էս մեր երեխեքի տունն է, ինքն անկոչ հյուր է: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայող, կրտսեր սերժանտ Լևոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը:

Նշենք, որ այստեղ էին հավաքվել զոհված զինծառայողների ծնողները. «Սա պանթեոն չի, գերեզմանատուն չի, մեր երեխեքի տունն է: Ես կանգնել եմ, որ թուրք Փաշաևը իմ Լյովի մոտ չի գալու հասնի, քարով գլուխը կջարդեմ: Նայեմբերի 23-ին, երբ որ Ղարախանյան Ալեքսանդրի տղա Հարութիկը զանգահարում է, Ղարաբաղ տելեկոմից գալիս են, ես էդ երեխու հոր տանը նստած եմ լինում: Ես կրտսեր սերժանտ Լևոն Գալստյանի հայրն եմ՝ Արմեն Գալստյանը, ով ծառայում է Ջաբրայիլում:

Երեխու զանգելուց 10 րոպե հետո թուրք Փաշաևն է տեղյակ եղել, ով գերագույն հրամանատարն էր: Զանգից հետո 30-ից ավելի թարմ խփած մարմիններ թուրքը տվել է մեզ: Դա անտառում եղած երեխեքն են եղել:

Բոլորն էլ տեղյակ են եղել՝ ոնց է հեռախոսազանգը հնչել, շրջափակման մեջ ընկած խմբից: Զանգել են ինձ, որոնց մեջ եղել է իմ եղբոր տղան: Խնդրել են օգնություն, միջամտություն: կապվել ենք բոլոր հնարավոր ատյաններին, պաղատել են՝ հասեք երեխեքին օգնության: Ոչ մեկը մատը մատին չի տվել: Սպասել են թուրքը գտնի անտառներում, երեխեքին ոչնչացնի, մարմինները տա մեզ: Վիդեո կա, որտեղ շղթան վզին կապած քարշ են տալիս, հենց էդ շղթայով էլ բերին տվին մեզ:

Երեխեքը եղել են Մայրամաձոր գյուղում: Իրենք իրենց շորերը փոխել են, հագել են տատիների գործած գուլպաներ: կարտոնից գդալ են սարքել ու արագ-արագ պահածոները կերել են: Հետո համազգեստները փոխել են ու գնացել են Հակակու գյուղ:

Համ նոյեմբերի 23-ին է զանգել, համ 24-ին: Նոյեմբերի 27-ին երեխու դիակը տվել են Շուշիի տակով»,- ասաց նա:

Դրանից հետո զինծառայողի հորը մոտեցան ոստիկանները եւ բերման ենթարկեցին նրան:

Նշենք, որ Եռաբլուրում են բարձրաստիճան պաշտոնյաները, լրագրողներին թույլ չեն տալիս առաջանալ: