ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ ԼՂ հակամարտությունը դեռ պետք է կարգավորվի, իսկ կարգավիճակի հարցում հստակություն լինի: Դեսպանն ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի երեք հիմնարար սկզբունքները մնում են արդիական ու կիրառելի: «Տարածքային ամբողջականությունը հիմնական սկզբունքներից մեկն էր, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը», ասել է դեսպանը, ավելացնելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքորոշումը հիմնական սկզբունքներից մեկն է եղել և մնում, որը չի կարող արհամարհվել։

ԱՄՆ-ն, ի տարբերություն Ռուսաստանի եւ Բաքվի, 2020-ի նոյեմբերի 9-ի թուղթը համարում է հրադադարի կնքում եւ ոչ խնդրի կարգավորում։ Բաքուն հայտարարում է, որ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, դեսպանի խոսքով՝ դա հակամարտության կողմերից մեկի շահն էր, սակայն մյուս երկու սկզբունքները՝ ուժի կիրառման բացառումը եւ ինքնորոշումը չեն կիրառվել։ Մոսկվան ու Բաքուն հայտարարում են, որ խնդիրը կարգավորվել է, ինչը նշանակում է, որ խոստովանում են միջազգային իրավունքի խախտումը՝ մասնավորապես ուժի կիրառումը, ըստ այդմ՝ պատերազմական հանցագործությունը։

ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ ԱՄՆ նախագահի եւ պետքարտուղարի ուղերձներում նույնպես ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորվածությունը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն ձեւակերպումն արդեն իսկ ընդգծում է Արցախի սուբյեկտությունը եւ նրա իրավունքների ճանաչում է։ Զուր չէ, որ հակադարձելով Լին Թրեյսիի՝ վերջին օրերին հաճախացած նման հայտարարություններին, Բաքվի ԱԳՆ-ն դեսպանին «հիշեցրել» է, որ Լեռնային Ղարաբաղ չկա, կա Ղարաբաղի տարածաշրջան։

Բաքվում նկատի ունեն «հակամարտության լուծումը» եւ այս տարվա հուլիսին Արցախը հարակից շրջաններով տարալուծելու՝ վարչատարածքային նոր բաժանման վերաբերյալ Ալիեւի հրամանագիրը։ Պուտին-Ալիեւ հուլիսի 20-ի հանդիպմանը ՌԴ նախագահն իր աջակցությունն էր հայտնել այդ որոշմանը։ Այդ հանդիպման ժամանակ Պուտինի նշած «փոխզիջումները» եւ «Լեռնային Ղարաբաղ» անվանման, ինչպես նաեւ արցախյան բուն խնդրի հիշատակման բացակայությունը վկայում են Բաքվի այս քայլերի մոսկովյան առաջնորդությունը։

Հայկական մեդիա-քաղաքական-վերլուծական շրջանակներում հարցադրումներ են արվում, թե ինչ նկատի ունի ԱՄՆ-ն կարգավիճակ ասելով եւ ինչ ջանքեր կարող է գործադրել Մինսկի խմբում բանակցությունները վերականգնելու ուղղությամբ։ Սրանք բնականաբար կարեւոր հարցեր են, միեւնույն ժամանակ անժխտելի է, որ ամերիկյան դիրքորոշումը քաղաքական կարեւոր ռեսուրս եւ հնարավորություն է։ Ամերիկյան համառ պնդումները սակայն, արժանանալով Մոսկվայի ու Բաքվի դիմադրությանը, տեղի են ունենում պաշտոնական Երեւանի նույնքան համառ լռության պայմաններում։

Փոխարենը, երեկ Անկախության 30-ամյակի միջոցառմանը Երեւանի երկնքում ռուսական հազարավոր դրոններ պատկերում էին հայկական խորհրդանիշները, որոնց մեջ բացակայում էր Արցախը։ Իսկ ՀՀ վարչապետը Նահատակների հիշատակին հիմնվելիք պուրակը հայտարարեց «խաղաղության դարաշրջանի» ամրագրում։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/09/22/669688/