Այսօր ՀՀ ԱԻՆ, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության պետական կոմիտեի և Հայկական ատոմային էլեկտրակայանի միջև ստորագրվեց եռակողմ պայմանագիր։

Հիմնական նպատակը «Երևան-ՀԱԷԿ» հեռաչափական համակարգի միջոցով սեյսմոլոգիական տվյալների ստացման և փոխանակման աշխատանքների բարելավման, ՀԱԷԿ-ի և շրջակա տարածքի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրությունն է։


ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը համառոտ ներկայացրեց ՀԱԷԿ-ի և կոմիտեի հետ փոխգործակցության պատմությունը.
- 1993 թ. ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ում սկսվեցին սեյսմոլոգիական ցանցի արդիականացման աշխատանքները: 1993-95 թթ. ՀՀ և ԼՂՀ տարածքում տեղադրվեց 4 հեռաչափական համակարգ՝ Երևան, Գյումրի, Վանաձոր և Ստեփանակերտ կենտրոններով: Առաջին հեռաչափական համակարգի տեղադրումը սկսվեց 1993 թվականին, ցանցը բաղկացած էր 8 կայանից, որոնցից 4-ը տեղադրվել էին Ատոմային էներգիայի միջուկային գործակալության (ՄԱԳԱՏԵ) աջակցությամբ:

2011 թ. ՀԱԷԿ և պետական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ «ՍՊԱԾ» գործակալության նախաձեռնությամբ ստուգիչ դիտարկումներ անցկացվեցին հեռաչափական համակարգի կայաններում:

Ակնհայտ էր, որ ցանցը շտապ արդիականացման կարիք ունի, քանի որ սարքերը բարոյապես և ֆիզիկապես մաշված էին: Նույն թվականին կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանի և ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ ԱԻ նախարարությունում կազմակերպվեց ՄԱԳԱՏԵ-ի ներկայացուցիչ Չուպովի մասնակցությամբ հանդիպում: ԱԻ նախարարի հետ հանդիպման արդյունքում վերջնականապես հստակեցվեցին ցանցի արդիականացման ուղիները: ՍՊԱԾ-ի, Միջուկային անվտանգության պետական կոմիտեի և ՀԱԷԿ-ի միջև եռակողմ պայմանագիր կնքվել է դեռևս 1993 թվականին, որը վերջին անգամ վերաստորագրվել է 2006 թվականին։

ՀԱԷԿ-ի շուրջը տեղադրվել է 6 նոր ժամանակակից թվային կայան, և այս անգամ կնքվում է նոր պայմանագիր, որը ստորագրեցին ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանը և ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանը։

ԱԻ նախարար Ա. Երիցյանն իր խոսքում նշեց, որ ելնելով այն հանգամանիքց, որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, նման համագործակցությունը շատ կարևոր է.
- Սա միայն սկիզբն է, մենք ավելի ակտիվացնենք մեր աշխատանքը, ավելի հաճախ համատեղ ուսումնավարժություններ կազմակերպենք, որպեսզի կարողանանք վեր հանել բացթողումները և միասին շարժվենք առաջ։

ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը և միջուկային անվտանգության պետական կոմիտեի նախագահը նախարար Ա. Երիցյանի հետ այցելեցին նաև ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղ փոխանցվում են ՍՊԾ տարբեր կայաններից ստացված անհրաժեշտ տեղեկությունները։ Հյուրերը ծանոթացան կենտրոնի առաքելությանն ու տեխնիկական հնարավորություններին։