Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է տեսնել նրան կամ ճաղավանդակների հետևում կամ մահացած: Նա կոչ է արել ԱՄՆ-ին կանխարգելել իր երկրում աճող Ռուսաստանի ազդեցությունը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Սաակաշվիլին համարում է, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ցանկանում է ձերբակալել նրան կաշառակերության մեղադրանքով: Վրաստանի նախագահը համոզված է, որ այդ ամենի հետևում կանգնած է Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանի հետ գործարքը ակնհայտ է: Նրանք ցանկանում են կամ սպանել ինձ, կամ ձերբակալել»,- նշել է Սաակաշվիլին: Պարբերականը հիշեցնում է, որ նոյեմբերին Սաակաշվիլին վայր է դնելու իր լիազորությունները և նրա անձեռնմխելիությունը ավարտվելու է:
Իվանիշվիլիի խոսքերով Սաակաշվիլին կարող է կանգնել դատարանի առաջ կոռուպցիայի մեղադրանքով:« Քննիչները պետք է ներկայացնեն ապացույցներ, իսկ դատարանը որոշում ընդունի, սակայն նախագահի նկատմամբ կան լուրջ հարցեր»,- հայտարարել է Իվանիշվիլին: Իր հերթին Սաակաշվիլին այդ մեղադրանքները անհիմն է համարել:
Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանություն տալ: