Հայաստանը չի փակել իր օդային տարածքը, Ադրբեջանն էլ չի փակել իր օդային տարածքը հայկական փոխադրողների առջեւ, բացառությամբ 44-օրյա պատերազմի ընթացքում, որը կապված էր թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման հետ: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը՝ անդրադառնալով նրան, որ հոկտեմբերի 6-ին Հայաստանի օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջեւան թռիչք:

«Սահմանափակումները կապված են թռիչքային անվտանգության հետ: Հատուկ օդային տարածքը փակելու քայլ տեղի չի ունեցել»,-ասաց նա:


Հարցին, թե այդ դեպքում ինչու թռիչքներ չկային, Ռեւազյանը պատասխանեց. «Ադրբեջանցիները ամեն օր թռիչքներ են իրականացրել մինչեւ 2014 թվականը, այդ թվում Բաքու-Նախիջեւան: Իրենք որոշեցին դադարեցնել թռիչքները, հիմա որոշել են վերականգնել: Իսկ մենք չէինք թռչում Ադրբեջանի օդային տարածքով, որովհետեւ կոմերցիոն տեսակետից արդյունավետ չի»:

Ինչ վերաբերում է վարչապետի նախկին խորհրդական, ավիացիայի մասնագետ Հակոբ Ճաղարյանի պնդմանը, որ 2000-ականներին Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունն իր որոշմամբ փակել է իր օդային տարածքը ադրբեջանական օդանավերի համար, ՔԱԿ ղեկավարն ասաց. «Ես չգիտեմ՝ ինչու է պարոն Ճաղարյանն այդպիսի հայտարարություն անում, որովհետեւ այդ հայտարարությունը մոտ չի իրականությանը: Ես հատուկ դիմել եմ մեր անձնակազմին, հարցրել եմ՝ կարո՞ղ է մենք ինչ-որ տեղ սխալվել ենք, 2000-ականներին տեղի ունեցել է նման բան, եւ դա հերքվել է: 2000-ական թվականներին նույնիսկ 10-15 թռիչք է իրականացվել ադրբեջանական ավիաուղիների կողմից: Որեւէ նման խնդիր չի եղել: Նույնիսկ այդ ժամանակ մեր փոխադրողներն էլ ունեին թռիչքներ Միջին Ասիա, որն իրականացնում էին Ադրբեջանի տարածքն օգտագործելով»:

Դիտարկմանը, թե մենք ոնց կարող ենք իմանալ, թե արդյոք այդ օդանավով զենք չի տեղափոխվում, Ռեւազյանն ասաց. «Մենք չգիտենք, թե ով է այդ օդանավում կամ ինչ բեռ կա, բայց ըստ միջազգային օրենսդրության իրավունք չունենք աղաքացիական օդանավով տեղափոխել զենք»:

Ռեւազյանը հաստատեց, որ մեր օդային տարածքն օգտագործելու դեպքում Ադրբեջանը գումար պետք է վճարի, որի չափը կախված է օդանավի քաշից. «Մենք դա կիմանանք մոտ 3 ամիս հետո, գումարը գանձվում է «Եվրակոնտրոլ» ընկերության կողմից, որը գտնվում է Բրյուսելում»:

Այս օրերին հնչում են տեսակետներ, որ Իրանը փակեց իր օդային տարածքը Ադրբեջանի օդանավերի համար եւ նույն օրը տեղի ունեցավ Բաքու-Նախիջեւան թռիչքը ՀՀ տարածքով, ինչը նշանակում է, որ սա քայլ է Իրանի դեմ. Այս առնչությամբ ՔԱԿ ղեկավարն ասաց. «Իրանը չի փակել իր օդային տարածքը ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար»:

Նա կոչ արեց քիչ ֆեյք լուրեր տարածել ավիացիայի հետ կապված, քանի որ դա խանգարում է իրենց աշխատանքին. «Միջազգային քաղավիացիան շատ հստակ ասում է, որ իրավունք չունենք խտրական մոտեցում ունենանք եւ որեւէ մեկ երկրի առջեւ փակենք մեր օդային սահմանը»: