Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրլ է. «Սա Մեղրի-Կապան նորակառույց ճանապարհի մի հատվածն է: Ողջ ճանապարհի ընթացքում նման ալիքավոր հատվածները շատ-շատ են:

Ստացվում է, որ մենք՝ քաղաքացիներս, վճարում ենք նոր ճանապարհ պատրաստելու համար, բայց մեկ-երկու տարուց էդ ճանապարհն արդեն անպետք է: Այսինքն՝ տասնյակ ու հարյուրավոր միլիոն դոլարներ անարդյունավետ են օգտագործվում կամ ջուրն են լցվում:

Ինչո՞ւ է էդպես: Ով եղել է զարգացած երկրներում, կփաստի, որ էնտեղ կոմունիկացիաներն ավելի երկար են ծառայում, ավելի հին են: Ասենք Գերմանիայում կհանդիպեք ճանապարհների, որոնք կառուցվել են 1933 թվականին կամ ԱՄՆ ում՝ մեծ դեպրեսիայի ժամանակ կառուցած ճանապարհների, որոնք մինչ օրս ծառայում են: Առաջին հայացքից որակով ճանապարհները թանկ են, բայց, եթե հաշվում ենք, թե քանի տարի են դրանք ծառայում՝ հասկանում ենք, որ իրականում էդպես ավելի էժան է ստացվում:

Ինչո՞ւ են մեզ մոտ ճանապարհներն այդքան շուտ փչանում: Չեն պահպանվում բեռնատար մեքենաների նորմով սահմանված բեռների ծանրության չափանիշերը: Օրենքով կա սահմանված, թե բեռնատարի քանի սռնիի (օսի) վրա ինչքան բեռ կարելի է բարձել: Ասենք Վրաստանում, եթե թույլատրելի սահմանից ֆուռը 1 տոննա ավել բարձված եղավ, ապա տուգանքը մի քանի հազար դոլար է: Ու Վրաստանում խիստ հետևում են դրան, քանի որ իրենք մտածում են իրենց ճանապարհների մասին:

Հայաստանում էլ կան էդպիսի չափանիշներ, բայց դրանք չեն պահպանվում: Ինչո՞ւ: Ծանրության հիմնական խախտողները 2 սռնիով հին Զիլերն ու Կամազներն են, որոնք միշտ թույլատրելի ծանրությունից 20-40 տոկոսով ավել են բարձվում: Էդ հարցը չի վերահսկվում, որովհետև մի կողմից կհարվածի գյուղացիների (հին զիլերի ու կամազների սեփականատերերի) շահերին, մյուս կողմից կթանկացնի բեռնափոխադրումը:

Ծանրության չափանիշերի չպահպանման մյուս պատճառը ենթակառուցվածնքերի (կշեռքներ կամ այլ չափման տարբերակներ) բացակայությունը կամ սակավությունն է: Ստացվում է պետության կողմից օրենքի վերահսկողությունը չապահովելը հարյուրավոր միլիոն դոլարներ է արժենում մեր բյուջեի, պետության վրա:

Եթե չենք ուզում բեռնափոխադրողներին նեղացնել, նշանակում է այլ լուծում է պետք գտնել, օրինակ՝ խստացնել, փոխել ճանապարհների կառուցման չափորոշիչները, սկսել շատ ավելի որակով կառուցել: Էդպես գոնե կստանանք ավելի թանկ, բայց իրականում ավելի էժան ճանապարհներ»: