Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Անդրեն ասում է, թե մի օր գիշերը ժամը 5-ին արթնացել է ու ստեղծել «Ցավդ տանիմ, Արցախ» երգը, հետո զանգել է գործիքավորողին, ու էդպես, արդեն տեսահոլովակի պրեմիերա են արել՝ Ստեփանակերտում: Էդպես, երկու տասնամյակ հայկական այսպես կոչված շոու բիզնեսը «գիշերվա հինգին» երկնած ստեղծագործություններով է՛լ Հայաստանի, է՛լ Արցախի, է՛լ բանակի ցավն է տարել, ով չի ալարել կամուֆլյաժը հագել ու մի հոլովակ է նկարել, խրոխտ: Ու համարվել է, թե դա ստեղծագործություն է՝ Հայաստանի, Արցախի, բանակի հասցեին կենացները ստեղծագործություն են, նույն բառերով, նույն իմաստներով, պարզապես բառերի հաջորդականությունը փոխելով:

Չեմ կասկածում այդ «ստեղծագործողների» անկեղծությանը: Բայց հարցն էն չէ՝ նրանք անկեղծ են եղել, թե կեղծ: Թեև, օրինակ, երգերում հայրենիքի համար «մեռնող» աստղերի մի զգալի մասը անգամ ծննդաբերել գերադասել է այլ երկրներում:

Բուն խնդիրն այն է, որ պետական «էլիտայի» մակարդակով քաջալերվել է այդ ամենը, այն վակուումի տեղը լցնելու համար, որն առաջանում էր լրջմիտ քաղաքական բովանդակությունը չքաջալերելու հետևանքով:

Իսկ, թե ինչու չէր քաջալերվում քաղաքական բովանդակությունը, արդեն երևի թե ավելորդ է ասել»: