«Հրապարակ» թերթը գրում է. «Անհայտ պատճառներով Մեղրիում ավագանու նիստ չի հրավիրվում, որի ժամանակ պետք է ընտրվի համայնքի ղեկավար: Հիշեցնենք, որ այստեղ էլ մասնակից ուժերից ոչ մեկը մեծամասնություն չունի, եւ կոալիցիայի միջոցով է ձեւավորվելու իշխանություն: Առաջին տեղում Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունն է՝ մեղրեցի Բագրատ Զաքարյանի գլխավորությամբ: Երկրորդը ՔՊ-ն է, «Ապրելու երկիր» կուսակցությունը նույնպես հաղթահարել է շեմը:

Համաձայն օրենսդրության, ավագանու լիազորությունները դադարելուց առաջ պետք է ընտրություններ կայանային, բայց օրենքի պահանջն իշխանությունը խախտեց, եւ ՔՊ-ական յուրայինին համայնքապետի ժՊ նշանակեցին: Այսինքն` օրենք ասվածն այս համայնքում վաղուց չի աշխատում, մինչդեռ համայնքի շահը ենթադրում է, որ հնարավորինս արագ նոր ավագանի ձեւավորվի, քաղաքապետ ընտրվի, եւ անցնեն համայնքային խնդիրների լուծմանը:

Թե ինչու համայնքապետի ԺՊ-ն, որն օժտված է այդ լիազորություններով, նիստ չի հրավիրում, չկարողացանք պարզել․ Արարատ Թումանյանը չպատասխանեց մեր զանգերին, չպատասխանեց նաեւ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը: Ակնհայտ է, որ Մեղրիում էլ է իշխանությունն ուզում «Գյումրի» օպերացիան իրականացնել` ընտրված ուժից խլելով հաղթանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում