Նոյեմբերի 1-ին՝ ժամը 02։10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն կրակոցների վերաբերյալ ահազանգ է ստացվել: Ժամը 02։10-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ տեղափոխել են տղամարդու դի: Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 01։30-ի սահմաններում Կարմիր բլուրի 43 հասցեի մոտ անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից կրակել է 40-ամյա տղամարդու ուղղությամբ, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 00։50-ին Կարմիր բլուրի 43 հասցեի մոտ չորս տղամարդկանց միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում 20-ամյա երիտասարդը իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել 40-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով մահ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ, ՔՈԳՎ, Շենգավիթի և Գորիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սիսիան-Գորիս ճանապարհին հայտնաբերվել և, սպանություն կատարելու կասկածանքով, Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել վիճաբանության մասնակիցները, ապա ներկայացվել են նախաքննական մարմնին, որտեղ 20-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Բերման ենթարկվածները ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն: