Միխայիլ Սահակաշվիլիի առողջական վիճակն արդեն նկատելիորեն վատթարացել է, դա ֆիզիկապես նկատելի է, բայց որ ամենակարեւորն է, նա արդեն ունի հաղորդակցման խնդիրներ եւ հիշողության լուրջ խնդիրներ։ Չի հիշում անուններ. իմը դեռ հիշում է, սակայն զրույցի ընթացքում պարզվեց, որ իր մի քանի ընկերների անուններ չի հիշում։ Այս մասին լրագրողներին հայտնել է նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան՝ Ռուսթավիի բանտում գտնվող նախկին նախագահին այցելելուց հետո, գրել է «Գրուզիա օնլայն»-ը։

Նրա խոսքով՝ Սահակաշվիլին հրաժարվում է բժիշկների խորհրդատվությունից, քանի դեռ չի թույլատրվել այլընտրանքային խմբի ստեղծումը։ «Առողջական վիճակի հետ կապված այլընտրանքային հանձնաժողովի ստեղծման մասով ստացել ենք բացարձակապես ձեւական, չհիմնավորված մերժումներ, եւ, ըստ էության, ակնհայտ է, որ անորոշ ժամանակով այս իրավունքի ապօրինի ձգձգում է լինելու։ Ուստի Միխայիլ Սահակաշվիլիի որոշմամբ՝ նա այլեւս չի մասնակցի բժիշկների կոնսիլիումին, այսինքն՝ չի ենթարկվի նրանց հետազոտմանը, քանի դեռ այլընտրանքային բժշկական հանձնաժողովի ստեղծում չի թույլատրվել։ Անձամբ նա վստահություն եւ հարգանք է հայտնում բոլոր բժիշկներին, սակայն կարծում է, որ այս հարթակը, որը զգալիորեն քաղաքականացված է պատճառներով, որոնք կախված չեն բժիշկներից, այլեւս չի արտահայտում նրա շահերը, այլեւս չի ծառայում նրա առողջության բարելավմանը, իսկ բժիշկների ձայնը կորում է», - ասել է Նիկա Գվարամիան։