Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ Վատիկանում ղեկավար պաշտոնում կին է նշանակել՝ նրան դարձնելով աշխարհի ամենափոքր պետությունում ամենաբարձրաստիճան կինը, հայտնել է Reuters-ը։

Վատիկանի նահանգապետի գլխավոր քարտուղար է նշանակվել 52-ամյա իտալացի միանձնուհի Ռաֆայելլա Պետրինին, ինչը կարելի է համեմատել փոխնահանգապետի կամ փոխքաղաքապետի պաշտոնների հետ։ Վարչակազմը, որը տեղակայված է Վատիկանի կենտրոնում գտնվող մեծ պալատում, ունի ավելի քան 2000 աշխատակից:


Պետրինիի նշանակումը նշանավորում է Հռոմի պապի վերջին փորձը՝ գենդերային հավասարակշռությունը բարելավելու խոստումների կատարումը:

Մի շարք այլ կանայք եւս պաշտոններ ունեն Վատիկանի դեպարտամենտներում, սակայն նրանք զբաղվում են կրոնական եւ սոցիալական հարցերով եւ շատ ավելի փոքր աշխատակազմ ունեն։

Օգոստոսին Հռոմի պապը իտալացի միանձնուհի քույր Ալեսանդրա Սմերիլիին նշանակել է Վատիկանի զարգացման վարչության քարտուղարի ժամանակավոր պաշտոնում, որը զբաղվում է արդարադատության եւ խաղաղության հարցերով։

Նա նաեւ վեց կին է նշանակել Վատիկանի ֆինանսները վերահսկող խորհրդի բարձր պաշտոններում, ինչպես նաեւ փոխարտգործնախարարի, Վատիկանի թանգարանների տնօրենի եւ Վատիկանի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոններում:

Ֆրանցիսկոսն ասել է, որ ինքը որեւէ պատճառ չի տեսնում, թե ինչու կինը չպետք է բարձր պաշտոններ զբաղեցնի, բացի այն կանանցից, որոնք վարդապետական ​​նկատառումներով բաց են միայն ձեռնադրված քահանաների համար: