Ինչպես հայտնի է, նոյեմբերի 11-ին Քանաքեռի տներից մեկում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով մահացել են քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը և ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը՝ Քանաքեռցի Արտուշը։ Կան նաև այլ զոհեր և վիրավորներ։

Դեպքի հետեւանքով Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել Քանաքեռ 16 փողոցի 16 տան բնակիչ, 61-ամյա Արտուշ Սիմոնյանը՝ «հեմոռագիկ շոկ, հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: Նույն հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռ 16 փողոցի 16 տան բնակիչ, 27-ամյա Հովհաննես Սիմոնյանը՝ «աջ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: Նույն հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռ 16 փողոցի 16 տան բնակիչ, 37-ամյա Վլադիմիր Սիմոնյանը՝ «կրծքավանդակի որովայնի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: «Հրազենային վնասվածք» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել Զ. Սարկավագի փողոցի բնակիչ, 38-ամյա Արթուր Բորյանը: Նույն հիվանդանոց է տեղափոխվել «ձախ նախաբազկի միջանցիկ հրազենային վիրավորում վնասվածք» ախտորոշմամբ Արթուր Պետրոսյանը:

Հիվանդանոցում Ա. Բորյանն ու Ա. Սիմոնյանը, գիտակցության չգալով, մահացել են:
Մեզ հայտնեցին, որ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում գտնվող երեք տուժածները արդեն դուրս են գրվել։
Իսկ «Աջ սրունքի դրսային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց է ընդունվել Քանաքեռի բնակիչ, 19-ամյա Գևորգ Ջաբոյանը: Հերացի բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ նրա վիճակը բավարար է։

Ովքե՞ր են սպանվածները

Ըստ շրջանառվող լուրերի՝ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, պատկանում է նախկին պատգամավոր Արտուշին: Սպանված Արտուշ Սիմոնյանը ծնվել է 1960 թ. հունիսի 2-ին Երեւանում: 1982 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Արեւելագետ է, 1981-1982թթ. աշխատել է Ալժիրի Հանրապետությունում ռազմական թարգմանիչ, 1982-1984թթ. Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում` ավագ գիտաշխատող: 1984-1988 թթ. եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի հրահանգիչ, 1988-1996թթ.` Քանաքեռի կարի ֆաբրիկայի փոխտնօրեն: 1996-1998 թթ.՝ «Հայկական ավիաուղիներ»-ի ներկայացուցիչ Մոսկվայում, 1998-2003 թթ.` «Հայկական ավիաուղիներ»- ի փոխտնօրեն:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 5 ընտրատարածքից: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է եղել, «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: 2006թ. հուլիսի 22-ից ՀՀԿ անդամ է, նա ամուսնացած է, ունի չորս երեխա:

Ինչ վերաբերում է մյուս սպանվածին՝ Քանաքեռցի Տույին, վերջինս քրեական հեղինակություն է, բազմիցս հայտնվել է քրեական պատմությունների կիզակետում, տարբեր գործերի շրջանակներում դատապարտվել ազատազրկման։ Օրինակ՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար նա դատապարտվել էր 1 տարվա ազատազրկման։ Տույը համարվում է քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի, մտերիմներից և հավատարիմներից մեկը: Եվ հենց նրա սպանությունից հետո քրեական աշխարհում ակտիվորեն սկսեցին խոսել այն մասին, որ Երրորդմասցու շրջապատին ևս վտանգ է սպառնում. նրանց կա՛մ «կվերացնեն», կա՛մ կմեկուսացնեն: Հենց դրանով էին մեկնաբանում Քանաքեռցի Տույի՝ քաղաքում զրահապատ մեքենայով շրջելը։

Տույը սկանդալների կենտրոնում հայտնվեց նաեւ 2018 թվականի հուլիսի 13-ին, երբ քաղաքացի Արման Հակոբյանը հաղորդում էր տվել այն մասին, որ 2013թ. «Տույ» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը Յուրի Երեմյանի և 7-8 տղամարդկանց հետ միասին քրեական հեղինակություն «Սարատովի Արտյոմ» անունով հայտնի Արտյոմի օգնությամբ, իրեն առևանգել են, 7-8 ժամ պահել անազատության մեջ, ծեծի ենթարկել և սպանության սպառնալիքներ տալու միջոցով պահանջել հրաժարվել իրեն պատկանող հացի արտադրամասի իր մասնաբաժնից, որի դիմաց խոստացել են վճարել 150.000 ԱՄՆ դոլար:

Ա. Հակոբյանը ստիպված համաձայնել է կատարել վերջիններիս պահանջը, սակայն նրան վճարել են ընդհամենը 10.000 ԱՄՆ դոլար:
2019 թվականին «Տույ» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է, քանի որ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ։

Ի դեպ, դեպ, 2021 թվականին մամուլը գրեց, որ պատերազմի ավարտից հետո մի շարք անձինք Արցախի նախագահի հրամանագրով պարգեւատրվել են մարտական զենքով, այդ թվում՝ Քանաքեռցի Տույը։