Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Տունը՝ պալատի մեջ. պարզվում է՝ Հայաստանում նման հուշակոթող կա: Սովետական գիգանտոմանիայի ժամանակաշրջանում Ստեփանավան քաղաքում Ստեփան Շահումյանի փոքրիկ տուն-թանգարանի վրա կառուցվել է կարմիր տուֆից մի ահռելի պալատ-շինություն՝ ներառելով իր մեջ «վառ լենինցու» տնակը: 1991-ից հետո նախկին տուն-թանգարանը վերափոխվեց մշակույթի և ժամանցի կենտրոնի, որտեղ գործում է նաև Ստեփանավան քաղաքի պատմության թանգարանը: Սակայն կոմունիստ-բոլշևիկ Շահումյանի տնակը մնում է շենքի ներսում, և գալիք սերունդները պատկերացում են կազմում իրենց քաղաքի պատմության վերաբերյալ՝ առաջին հերթին հենց այդ գործչի շեշտադրված «կարևորությունը» տեսնելով: Ուշագրավ է նաև, որ տուն-թանգարանը տեղակայված է Գարեգին Նժդեհի փողոցի վրա:
Սա, ցավոք, առանձին վերցրած մի դեպք է այն մեծ խնդրի շրջանակում, որը մեզ մոտ, արդեն անկախ Հայաստանում, այդպես էլ հնարավոր չեղավ իրագործել: Խոսքը դեկոմունիզացիայի մասին է. ողջ քաղաքակիրթ աշխարհում վաղուց մերժվել են կոմունիստական գաղափարախոսության խորհրդանիշերը, բայց Հայաստանում նրանք դեռևս մնում են անսասան՝ թանգարանների, հուշարձանների առկայությամբ, նաև՝ փողոցների, դպրոցների անվանումներով, և այլն:
Հ.Գ. Զբոսաշրջային գողտրիկ Ստեփանավանը տրամաբանական կլիներ վերանվանել Լոռիբերդ, որը քաղաքի հարևանությամբ է գտնվում՝ թող ապագա սերունդները հպարտությամբ կրեն իրենց քաղաքի հնագույն պատմության դրոշմը»: