Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունները վկայում են այն մասին, որ իրավիճակը տարածաշրջանում չի հանդարտվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՌԴ արտաքին գործերի նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։

Նրա խոսքով, իրավիճակի կարգավորման գործում ռուսական դիվանագիտության դերը մեծանում է։ «Հայ-ադրբեջանական սահմանին վերջին փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ իրավիճակը այդ տարածաշրջանում դեռեւս մինչեւ վերջ չի հանդարտվել։ Կայունության ապահովման համար մեծ պահանջարկ ունեն ռուսական խաղաղապահ զորախմբի ջանքերը՝ որպես հրադադարի եւ խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր։ Անկասկած, մեծանում է ռուսական դիվանագիտության դերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վիճելի հարցերը կարգավորելու, Անդրկովկասում տնտեսական կապերը վերականգնելու եւ կարեւոր տրանսպորտային միջանցքները ապաշրջափակելու ջանքերի շարունակման գործում։ Փոխվարչապետների մակարդակով համապատասխան հանձնաժողով ունենք։ Այն աշխատում է եւ, իմ կարծիքով, հեռանկարները վատը չեն։ Իրականում տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, շահագրգռված են այդ խնդիրների երկարաժամկետ կարգավորմամբ»,- ասել է ՌԴ նախագահը։