Նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գոնե պատերազմից հետո ամենօրյա ռեժիմում համոզվում ենք, որ մեր նախկին պատկերացումը Ռուսաստանի ամենակարողության մասին մեղմ ասած ճիշտ և ամբողջական չէ: Գուցե ինչ որ պահի Ռուսաստանի դեմ իսկապես խաղ չի եղել, բայց գլոբալ իրողությունները, որոնք վերաբերում են առավել լայն համատեքստին՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին, առնվազը Հարավային Կովկասում և ուկրաինական ուղղությամբ, Մոսկվային օբյեկտիվորեն դրել են աննախանձ կացության մեջ:
Հակառակ մեզանում կարծրացած համոզումների, հայաստանյան հանրության մի որոշակի շրջանակի մեջ տասնամյակներով ներդրված կարծրատիպի Ռուսաստանի դեմ խաղ կա:
Ռուսաստանի դեմ Կովկասում ցավոք սրտի խաղ չունի թերևս միայն Հայաստանը և հարցը շոշափելիս ամենևին նկատի չունեմ, որ մենք ակնհայտ իրողությունները հաշվի առնելով պետք է Մոսկվայի ընդգծված ոչ հայաստանանպաստ քաղաքականության պատճառով անկանոն շարժումներ կամ շրջադարձ կատարենք:
Խոսքը օբյեկտիվ գնահատուման, իրավիճակը սառը ախտորոշել կարողանալու մասին է:
Թուրքիային հակադրվելու և սեփական շահերը առաջ մղելու Ռուսաստանի անկարողությունը ավելի մեծ համատեքստի՝ ոչ միայն ռազմատեխնիկական բաղադրիչի մասին է: Բայց հարցը նրանում է, որ արդի աշխարհում որևէ երկրի հզորությունը չի որոշում միայն նրա ռազմատեխնիկական հզորությունը, որովհետև, եթե Մոսկվայի կարողությունն ու ներուժը թույլ է տալիս ռազատեխնիկական մակարդակում դիմագրավել Թուրքիային, բայց այլ ուղղություններում անբավարար կարողությունների պատճառով Ռուսաստանը նախընտրում է չանել դա, գործ ունենք մաքուր անկարողության հետ:
Հայաստանը մեծ շրջադարձի հնարավորություն չունի՝ ներքին և ռուսահայ իրողությունները առնվազն այդպիսի մանևրի հնարավորություն չեն տալիս: Եւ պետք էլ չէ: Ես համոզված եմ, որ մյուս ուղղությունների շարքին Ռուսաստանի հետ ևս կարելի է և պետք է առողջ և արժանապատիվ հարաբերություններ կառուցել: Բայց այստեղ կարևորը ռուսները, թուրքերը կամ Ռուսաստանն ու Թուրքիան չէ:
Այս իրականության մեջ մենք, որպես պետություն և ժողովուրդ պետք է մտածենք մեր ազգային և համազգային կարողությունները զարգացնելու մասին: Իսկ կարողությունները հնարավոր է զարգացնել գործընկերների շրջանակը ընդլայնելու ճանապարհով՝ արևմուտքի հետ տնտեսական, անվտանգային և տեխնոլոգիական համագործակցության պարագայում, որպեսզի Հայաստանը իրենից ինչ որ բան ներկայացնի և բազմակողմ խաղի մասնակից դառնա, ոչ թե գնդակ: Պարզապես որ ռուսները մեզ հետ էլ խաղան, ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի:
Վերջերս մի ուշագրավ փաստի մասին կարդացի, պարզվում է՝ Բուդապեշտում Սաֆարովը սպանել է Գուրգեն Մարգարյանին Ռոբերտ Քոչարյանի հետ Իլհամ Ալիևի առաջին հանդիպումից ուղիղ 70 օր հետո: Բուդապեշտյան ոճրագործությունն ու մանավանդ հերոսացումը որևէ կերպ չազդեց Քոչարյան-Ալիև բանակցային գործընթացի բովանդակության վրա:
Սա սկիզբն էր... մենք ներսում թույլ էինք տվել հոկտեմբերի 27 և դրանից հետո երկրորդ անգամ «ընտրել էինք» Քոչարյանին:
Բուդապեշտյան սարսափելի ոճիրին հաջորդեց Ռուսաստանի նախագահի այցը Բաքվում շեհիդների պուրակ: Սա բարձրաձայն զգուշացում էր: Երևանը շարունակում էր չտեսնելու տալ, թե ինչպես է օրըըստօրե Պուտինի իշխանության ղեկը ստանձնելուց հետո, Մոսկվան դադարում խաղալ Հայաստանի հետ:
Հետո... Հետո Մադրիդ, Կազան, սեպտեմբերի 3-ի նվաստացում և 44-օրյա պատերազմ, որը այդպես էլ չի ավարտվում»: