Ստոքհոլմում ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովում ելույթի ժամանակ Արարատ Միրզոյանն ասել է․ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց… Հուսով ենք, որ նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության կողմից կազմակերպված եռակողմ հանդիպումը ճանապարհ կհարթի՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային ուղղված հստակ միջոցներ ձեռնարկելու համար…»։

Հայաստանի ԱԳՆ-ն, փաստորեն, տեղի ունեցածը գնահատում է որպես «պատերազմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ», եւ միջազգային պրակտիկայում դա ընկալվում է որպես Հայաստանի պաշտոնական դիրքորոշում բանակցություններում։ Հայաստանը կարգավորման խնդիրը տեղափոխում է հումանիտար հուն, որը լիովին համընկնում է Մոսկվայի և Բաքվի դիրքորոշման հետ։ Փոխարենը հայ նախարարը հղում է անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որում չի խոսվում 44-օրյա պատերազմի մասին, այլ վերաբերում է «շրջանները վերադարձնելու» Հայաստանի Հանրապետության պարտավորությանը։

Սա նշանակում է, որ «շրջանները» նախկինում պատկանում էին Հայաստանի Հանրապետությանը, այսինքն՝ սա ոչ թե պատերազմ է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի», այլ պատերազմ Հայաստանի Հանրապետության դեմ։ Թե՞ Երեւանն ընդունում է, որ օտար տարածքներ է «օկուպացրել» ու հիմա «վերադարձնում է» դրանք։

Հայաստանի իշխանությունը պետք է կողմնորոշվի, թե ինչ է տեղի ունեցել սեպտեմբերի 27-ին, վարչապետն իրավասու՞ էր ստորագրել «Ղարաբաղի շրջանների» փոխանցման փաստաթուղթը, ու դրանից ելնելով՝ Եռակողմ հայտարարությունը լեգիտի՞մ է։ Հակառակ դեպքում, ԱԳՆ-ն և Հայաստանի ղեկավարությունը գործում են Բաքվի հետ համահունչ և համաձայն են Ալիևի բնորոշումների հետ։

Աղբվյուր՝ https://www.lragir.am