Իրավիճակը սահմանին լարված է եղել 2 օր, բայց հիմա կարգավորվել է, հանգիստ է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սարուշեն համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանը:

Նա նշեց, որ այդ միջադեպից հետո, սահմանը խաղաղապահներն են հսկում. «Նրանք կանգնում են, մենք մեր աշխատանքը անում ենք, հետո գնում են: Երեկ էլ տրակտորը հանեցինք դաշտից ու որևէ կրակոց չեղավ»,- ասաց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ նախկինում, երբ գյուղատնտեսական աշխատանքներ էին իրականացնում և խաղապահներ էլ չկային, ադրբեջանական դիրքերից կրակոցներ չէին հնչում. «Իրենց կողմից լարվածություն նկատվեց միայն վերջին օրերին»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին և 11-ին Սարուշեն համայնքի բնակիչների կողմից Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորների ուղղությամբ․ տրակտորներից մեկի կողային հայելին էր վնասվել, տուժածներ, բարեբախտաբար, չէին եղել, իսկ տրակտորներից մեկը դաշտում էր մնացել։