Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պայմանավորվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի աջակցման հարցում։ Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը երկու պետությունների առաջնորդների զրույցի արդյունքներով, փոխանցում է TASS-ը։


«Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության հարցի հետ կապված՝ ֆրանսիական պետության ղեկավարը նախագահ Պուտինի հետ քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք կոչված են խթանելու վստահության միջոցները, այդ թվում՝ մարդասիրական ոլորտում»,-ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ նման միջոցների շուտափույթ ընդունման համար իրենց հեղինակության օգտագործման հետ կապված։

Կողմերը զրույցի ժամանակ անդրադարձել են նաև Ուկրաինայի շուրջ, Բելառուս-Լեհաստան սահմանին տիրող իրավիճակին, պայմանավորվել են մինչև տարեվերջ ևս մեկ անգամ բանակցել։