«5165 շարժումը» միանում է ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ ձերբակալված համայնքապետերին ազատ արձակելու պահանջին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարին Տոնոյանը։

«Հայտարարում ենք, որ շինծու մեղադրանքներով ընդդիմադիր համայնքապետերի ձերբակալումը Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի Հանրապետությունում ամբողջ իշխանության ուզուրպացիայի արտահայտությունն է:

Սա ժողովրդի ազատ կամաարտահայտության սկզբունքի ոտնահարում է և նպատակ ունի կոտրել ցանկացած դիմադրություն՝ հասարակական թե քաղաքական, որը կարող է ցույց տրվել գործող իշխանությունների որդեգրած կործանարար քաղաքականությանը Արցախի հիմնախնդրի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման հարցերի առնչությամբ:

Մենք ունենք տպավորություն, որ Փաշինյանը պարզապես կատարում է Ալիևի պատվերը՝ թույլ չտալ Հայաստանում այսպես կոչված «ռևանշիզմի» որևէ դրսևորում»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ 14 կուսակցություններ հանդես են եկել հայտարարությամբ։

Հայտարարության մեջ ասում է.

«Տեղի ունեցած համայնքային ընտրությունների արդյունքում՝ հաշվեհարդարի սպառնալիքներով, գործի դնելով կամակատար դարձած իրավապահ համակարգը, իշխող վարչակազմը, նենգափոխելով ժողովրդի կամարտահայտությունը, ամբողջությամբ փորձում է զավթել իշխանությունը տեղերում:

Սա ոչ այլ ինչ է, քան մեկ անձի ավտորիտար ռեժիմի հաստատման գործընթացի նոր աղաղակող փուլ։

Վարդենիսում, Ախուրյանում, Թալինում, Վանաձորում, Գորիսում, Քաջարանում, Գյումրիում, Նոյեմբերյանում, Վեդիում, Բերդում և այլ համայնքներում կատարվող ապօրինի ձերբակալությունները, բռնաճնշումներն ու սպառնալիքները ոչ միայն ժողովրդավարության և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումներ են, այլ նաև հետապնդում են հստակ նպատակներ՝ գողանալ ժողովրդի վստահության քվեն, լռեցնել Հայաստանը կործանման տանող՝ մեկ անձի քաղաքականությանը ընդդիմացող գործիչներին և ոչնչացնել տեղերում դիմադրության օջախները: Նպատակը մեկն է՝ ձերբակալել բոլոր այն անձանց, ովքեր դիմադրելով հակապետական իշխանություններին՝ փորձում են կանգնեցնել պետության կործանման գործընթացը և խանգարել հայրենավաճառ ծրագրերին:

Կեղծ ժողովրդավարության կարգախոսով իշխանության եկած ուժը միջազգային հանրության աչքի առաջ, Հայաստանում դիվանագիտական ներկայություն ունեցող և ժողովրդավարական արժեքները դավանող միջազգային կազմակերպությունների և երկրների լռելայն համաձայնությամբ, գործադրում է հակաժողովրդավարան մեթոդներ ու անթաքույց հաստատում բռնատիրություն:

Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ընտրված քաղաքապետերին, ավագանու անդամներին և քաղաքական գործունեության համար կալանավորված անձանց։

Թույլ չենք տալու Հայաստանի Հանրապետությունում բռնապետական կարգերի հաստատում»։

Հայտարարությունը ստորագրել են՝

«Ազատություն» կուսակցություն
«Ազգային Անվտանգություն» կուսակցություն
«Ազգային Ժողովրդավարական Միություն
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
«Զարթոնք» Ազգային-Քրիստոնեական Կուսակցություն
«Ժողովրդավարական Ուղի» կուսակցություն
«Համերաշխություն» Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն
Հայաստանի Հանրապետական Կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն
«Մեկ Հայաստան» կուսակցություն
«Վերածնվող Հայաստան» կուսակցություն
«Քրիստոնեա-Դեմոկրատական» կուսակցություն