Չինաստանի իշխանությունները չեն վախենում ԱՄՆ-ի հետ առճակատումից, սակայն պատրաստ են փոխշահավետ ու իրավահավասար համագործակցության։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։

«Մենք չենք վախենում առճակատումից, սակայն միշտ ձգտելու ենք փոխգործակցության։ Համագործակցությունը ձեռնտու է երկու կողմերին, եւ թշնամանքը կվնասի եւ՛ Չինաստանին, եւ՛ ԱՄՆ-ին»,-ասել է նա։


«Հուսով եմ, որ ամերիկյան կողմը կգործի երկու պետությունների ղեկավարների միջեւ ձեռք բերված կոնսենսուսի համաձայն եւ կկատարի իր խոստումները»,-հավելել է Վան Ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նոյեմբերի 16-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Չինաստանի նախագահ Սի Ձինփինն օնլայն հանդիպում են անցկացրել՝ քննարկելու համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Չինաստանի ԱԳՆ-ում հավելել են, որ խորհրդակցությունների արդյունքում երկու երկրների ղեկավարները կոնսենսուսի են եկել մի շարք խնդիրների շուրջ եւ փոխադարձ պատրաստակամություն հայտնել ամրապնդել շփումները։