Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2021 թվականի մայիսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2020 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Որպես անշարժ գույք՝ ԱԺ նախագահը հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով 1 բնակարան Երևանի կենտրոնում, որը տարեվերջում պահպանվել է: Տարեսկզբում Սիմոնյանը նաև 2012 թվականի արտադրության «Range Rover» մակնիշի ավտոմեքենա է ունեցել, որը տարվա ընթացքում, սակայն, օտարել է 12.000.000 (տասներկու միլիոն) դրամով քաղաքացի Ելենա Ադամյանին: Որպես տարեկան եկամուտ՝ ԱԺ նախագահը հայտարարագրել է 10.528.240 (տասը միլիոն հինգ հարյուր քսանութ հազար երկու հարյուր քառասուն) դրամ աշխատավարձ Ազգային ժողովից և ավտոմեքենան օտարելուց ստացված եկամուտ՝ 12.000.000 (տասներկու միլիոն) դրամ:

2020 թվականի տարեվերջին նրա բանկային հաշիվներին եղել է՝ 27 (քսանյոթ) դոլար և 1.217.292 (մեկ միլիոն երկու հարյուր տասնյոթ հազար երկու հարյուր իննսուներկու) դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել է 21.930.000 (քսանմեկ միլիոն ինը հարյուր երեսուն հազար) դրամ:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, որպես անշարժ գույք՝ ևս հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով 1 բնակարան Երևանի կենտրոնում, որը տարեվերջում պահպանվել է:

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2014 թվականի արտադրության «Hyundai» ավտոմեքենա, որը նույնպես տարեվերջում պահպանվել է: Որպես տարեկան եկամուտ՝ ԱԺ նախագահի կինը հայտարարագրել է 1.663.327 (մեկ միլիոն վեց հարյուր վաթսուներեք հազար երեք հարյուր քսանյոթ) դրամ աշխատավարձ «Ֆրի Նյուզ» ընկերությունից, 538.500 (հինգ հարյուր երեսունութ հազար հինգ հարյուր) դրամ աշխատավարձ՝ «Մեդիա Նյուզ» ընկերությունից և 2.160.000 (երկու միլիոն հարյուր վաթսուն հազար) դրամ վարձակալության դիմաց ստացված վճար «Հրապարակ» օրաթերթից: Մարգարյանը 100% բաժնեմաս ունի «ԷՖԷՄԷՖ» ընկերությունում, տարվերջի դրությամբ նա 2000 (երկու հազար) դոլարի չափով ավանդ է ունեցել բանկում: Տարեվերջում նրա բանկային հաշվին եղել է 2.368.075 (երկու միլիոն երեք հարյուր վաթսունութ հազար յոթանասունհինգ) դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 6.100.000 (վեց միլիոն հարյուր հազար) դրամ և 19.100 (տասնինը հազար հարյուր) դոլար: