Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել է, որ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, սահմանների անխախտելիությունն Իրանի համար կարմիր գծեր են, և Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում որևէ տարածքային փոփոխություն: Ի պատասխան, ըստ ԱԽ գրասենյակի պաշտոնական հաղորդագրության, «Արմեն Գրիգորյանը նշել է Հայաստանի կարմիր գծերը, ինչպես նաև ընդգծել Հայաստանի կողմից ավելի վաղ առաջ քաշված «խաղաղության դարաշրջան» սկսելու հրամայականը, որը նաև համընկնում է Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ»:

Իրանի պաշտոնյաները Հայաստանի դեմ ռուս-թուրքական արշավից ի վեր խոսում են տարածաշրջանում աշխարհքաղաքական փոփոխությունների, քաղաքական աշխարհագրության, սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին։ Հայաստանում Իրանի այս հայտարարությունները մեծամասամբ վերագրում են սահմանի Մեղրիի հատվածին, սակայն Իրանի հայտարարությունները եւ գործողությունները վերաբերում են շրջանի ավելի լայն քարտեզի՝ Նախիջեւանին ու Արցախին՝ ԼՂԻՄ ինքնավարության ընդգծումով։ Ռուս-թուրքական արշավի թիրախը ոչ միայն Հայաստանն է, այլեւ Իրանը, ինչը եւ Թեհրանի այս դիրքորոշման պատճառն է։

Այս համատեքստում ՀՀ ԱԽ քարտուղարի՝ Հայաստանի կարմիր գծերի ու «խաղաղության դարաշրջանի» շեշտադրումը ՀՀ իշխանական վերնախավի քաղաքական անմեղսունակության հերթական դրսեւորումն է։ Հայաստանը ոչ միայն չի օգտվել Իրանի դիրքորոշման ընձեռած հնարավորությունից, այլեւ իր քայլերով Թեհրանին զգալի զրկել է ռուս-թուրքական համաձայնությունների դեմ մանեւրի դաշտից, հատկապես 3+3 ձեւաչափին Երեւանի մասնակցությունից հետո (Տես այստեղ)։

Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորումը» Բաքվի շահերի ու Մոսկվայի հովանու ներքո (Չավուշօղլու, Լավրով) մոտեցնում են «աշխարհքաղաքական փոփոխության» հանգուցալուծումը։ Առավել եւս, որ ըստ Արմեն Գրիգորյանի՝ որ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը կարող է քննարկվել 3+2 ձեւաչափում։ Իսկ դա մասնավորապես Արցախի հարցի փակման եւ Նախիջեւանի հարցի լուծման ձեւաչափն է (Տես նաեւ այստեղ)։ Այս իրավիճակում անհեթեթ է հնչում կարմիր գծերի մասին ԱԽ քարտուղարի պնդումը։ Դրանք պարզապես չկան, շարունակական անկման ու զիջումների արդյունքում։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/12/23/689703/