Արցախի Հանրապետության` Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութում տեղադրվել է Ադրբեջանի Հանրապետության քարտեզը պատկերող հուշարձան, որում ՀՀ Սյունիքի մարզի հարավային հատվածը, ինչպես նաև Արցախը, ներկայացված են որպես Ադրբեջանի տարածք:

Նշենք, որ պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով տարածքային նկրտումներ է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «ամբողջ Զանգեզուրն իրենց պատմական հողն է, որտեղ իրենք վերադառնալու են»:

«Հիմա Հայաստանում ասում են, որ Իլհամ Ալիևը տարածքային պահանջներ է ներկայացնում:

Եթե կա Արևելյան Զանգեզուր, ուրեմն կա նաև Արևմտյան Զանգեզուր: Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր պապերի ու նախապապերի հողն է: Ես ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք և վերադառնում ենք այնտեղ...Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ:

Մենք հաստատ կվերադառնանք, քանի որ այլ տարբերակ չկա: Այժմ, բոլոր հաղորդակցությունները բացելուց հետո, մենք, իհարկե, կվերադառնանք, և ադրբեջանական բնակչությունը կվերադառնա իրենց պապական հողերը:

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենիք: Մեր հայրենի երկիրը Զանգեզուրն է, մեր հայրենի երկիրը՝ Գոյչա (Սևան), Իրևան (Երևան): Մենք, իհարկե, կվերադառնանք», - ասել էր Ալիևը: