ՄԱԿ ԱԽ մշտական 5 անդամները՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը եւ Ռուսաստանը համատեղ հայտարարություն են տարածել, որով վերահաստատել են միջուկային զենք ունեցող պետությունների միջեւ պատերազմ թույլ չտալու եւ ռազմավարական ռիսկերի նվազեցման իրենց պարտավորությունը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ «միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, եւ այն երբեք չպետք է սանձազերծվի։ Քանի որ միջուկային զենքի օգտագործումը հեռուն գնացող հետեւանքներ կունենար, մենք նաեւ հաստատում ենք, որ միջուկային զենքերը, քանի դեռ դրանք գոյություն ունեն, պետք է ծառայեն պաշտպանական նպատակներին, ագրեսիայի զսպմանը եւ պատերազմի կանխմանը: Մենք կարծում ենք, որ նման զենքերի հետագա տարածումը պետք է կանխվի։

Մենք հաստատում ենք միջուկային սպառնալիքներին հակազդելու կարեւորությունը եւ շեշտում ենք միջուկային զենքի չտարածման, զինաթափման եւ սպառազինությունների վերահսկման ոլորտում մեր երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրերի ու պարտավորությունների պահպանության եւ պաշտպանության կարեւորությունը։ Մենք հավատարիմ ենք մնում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով (NPT) մեր պարտավորություններին, ներառյալ՝ VI-րդ հոդվածի համաձայն մոտ ապագայում միջուկային սպառազինությունների մրցավազքին եւ միջուկային զինաթափմանը վերջ տալու համար, ինչպես նաեւ ընդհանուր եւ ամբողջական զինաթափումը խիստ եւ արդյունավետ միջազգային վերահսկողության ներքո պայմանագրի շուրջ բարի կամքի ոգով բանակցություններ վարելու մեր պարտավորությանը»։

Միջուկային պատերազմի թեման ակտուալացավ Ռուսաստանի 2014-ից մեկնարկած «նոր քաղաքականության», նախկին ԽՍՀՄ տարածքի հանդեպ Մոսկվայի հավակնությունների եւ հատկապես Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների ֆոնին։ Պատժամիջոցների արդյունքում «սովորական» սպառազինության ոլորտում բավական նահանջ արձանագրելով, ՌԴ-ն որոշ չափով պահպանել է միջուկային զինանոցը, որը դարձել է Պուտինի կլեպտոկրատ ռեժիմի միակ փաստարկը։ ՌԴ-ն անվտանգության նոր հայեցակարգում ամրագրել է միջուկային զենքը կանխարգելիչ նպատակներով օգտագործելու իրավունքը։ Այս կապակցությամբ Պուտինը հայտարարել էր, թե «նրանք բոլորը կսատկեն, իսկ մենք կհայտնվենք դրախտում»։ Նա ասել է նաեւ, որ Ռուսաստանն այլեւս նահանջի տեղ չունի, եւ անհրաժեշտության դեպքում կկիրառի միջուկային զենքը

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում