Ղազախստանի մայրաքաղաքում բոլոր վարչական շենքերն ուժեղացված պաշտպանության տակ են առնվել։ Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել: Քաղաքի ոստիկանական բաժնի պետի խոսքով՝ իրավիճակը վերահսկելի է։ Բայց, չնայած դրան, մի շարք սահմանափակումներ են մտցվում, ուժեղացվել է հասարակական կարգի պաշտպանությունը, հայտնում է «Միր 24»-ը:

Նուր-Սուլթանում գիշերն անցել է առանց միջադեպերի: Առավոտյան ժամը 7-ից գործում է հասարակական տրանսպորտը, խանութներն ու առեւտրի կենտրոնները բաց են: Սակայն Նուր-Սուլթան օդանավակայանը դեռ թռիչքներ չի ընդունում։ Մի քանի ժամով ինտերնետ կապ էր հայտնվել։ Այժմ այն կրկին բացակայում է։ Քաղաքը տեղեկատվական մեկուսացման մեջ է: Կառավարությունն օպերատիվ միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար: Ոստիկանությունը Նուր-Սուլթանում աշխատում է ինտենսիվ ռեժիմով:


«Ուժեղացվել է հասարակական կարգի, հատկապես կարեւոր եւ ռազմավարական նշանակության օբյեկտների, ինչպես նաեւ բնակչության կենսագործունեությունն ու տրանսպորտի գործունեությունն ապահովող օբյեկտների պաշտպանությունը։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, անձնական խուզարկություն, իրերի եւ տրանսպորտային միջոցների զննում։ Քաղաքի կենսագործունեության ապահովման համար արտակարգ դրության պայմաններում կրթական, առողջապահական, կենսապահովման եւ բիզնես օբյեկտների շահագործման կանոններ են մշակվում»,- ասել է Նուր-Սուլթանի հրամանատար Էդեն Սայդենովը:

Ազգային բանկը հայտարարել է, որ դադարեցրել է բանկերի եւ բորսաների աշխատանքը։ Ի դեպ, Նուր-Սուլթանում եւ մի շարք բանկոմատներում փողերն արդեն վերջացել են։

Հիշեցնենք, որ Ղազախստանի բոլոր շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։ Գիշերը երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել։ Նա պատմել է, թե ինչ է պետությունն անում անկարգությունների վերացման համար։ Հայտնի է, որ ուժայիններին հաջողվել է հետ գրավել քաղաքային ակիմատի շենքը եւ միջազգային օդանավակայանը։ Նախագահը ղազախստանցիների եւ ՀԱՊԿ անդամ երկրների անունից օգնություն է խնդրել, քանի որ տեղի ունեցողը լուրջ վտանգ է ստեղծում երկրի քաղաքացիների կյանքի անվտանգության համար։