Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի կադրային քաղաքականությունը, մեղմ ասած, խուճապային դժգոհություն է առաջացրել Ռուսաստանի Դաշնության իսթեբլիշմենթում։ Վերջին իրադարձություններից հետո, երբ ղազախստանցիների դժգոհությունը հանգեցրեց զանգվածային բախումների իրավակարգի պահապանների հետ, Ղազախստանի ղեկավարությունը անհապաղ արձակեց երկրի կառավարությունը, օգնության համար դիմեց ՀԱՊԿ, ստացավ այն եւ քիչ թե շատ իր ձեռքը վերցրեց իրավիճակի վերահսկողությունը։ Նախօրեին հաստատվեց կառավարության նոր կազմը. այլոց թվում տեղեկատվության եւ հանրային զարգացման նախարարի պաշտոնում նշանակվեց Ասկար Ումարովը, որի նշանակումն արդեն օրվա վերջին շատ լուրջ դժգոհություն առաջացրեց, որը խայտաբղետ վերնագրերի տեսքով արտացոլվեց իշխանամետ ռուսական ԶԼՄ-ներում։ Ռուսական մամուլում նշում են, որ Ղազախստանում նախարար է նշանակվել մարդ, որը վիրավորական արտահայտություններ է արել ռուսների եւ Ռուսաստանի հասցեին։

Եվ այսպես, «Правда.ру»-ն տեղեկացնում է, որ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը, մեկնաբանելով Ումարովի նշանակումը, նշել է, որ իր գլխավորած գերատեսչությունը չի համագործակցի նորանշանակ նախարարի հետ. «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն կապեր չի պահպանում, չի աշխատում եւ չի համագործակցում ռուսատյաց տականքի հետ, ինչը լիովին կանխում է մեր ցանկացած փոխգործակցություն հիշատակված նախարարի եւ նրա գլխավորած տեղեկատվության նախարարության հետ ներկա դասավորմամբ»։


«Свободная пресса»-ն հրապարակել է հոդված բարձրագոչ վերնագրով այն մասին, որ այդ նշանակումն «ապտակ է Ռուսաստանին եւ անձամբ Պուտինին»։ Հոդվածում ադրբեջանամետ քաղաքագետ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Մարկովը Ռուսաստանին եւ անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին ապտակ է անվանել Ղազախստանի տեղեկատվության նախարարի պաշտոնում նոր նախարարի՝ Ասկար Ումարովի նշանակումը, որը նախկինում քանիցս թույլ է տվել բացահայտ ռուսատյաց արտահայտություններ անել։

Մարկովն ընդգծել է, որ այդ նշանակումը չի կարող դիտարկվել բացառապես որպես Ղազախստանի ներքին գործ, քանի որ ազդում է երկրների միջեւ հարաբերությունների վրա։ Նա նաեւ առաջարկել է, որ եթե Ումարովն իր պաշտոնը ավելի շուտ ստացած լիներ, ապա մեր երկրում հանրային կարծիքը Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին ճգնաժամի ժամանակ աջակցության հարցում միանգամայն այլ կլիներ։ «Բոլորը ցնցված են եւ բացատրություններ են սպասում։ Այդ նշանակումը Ռուսաստանում դիտարկվում է որպես բացահայտ ապտակ Ռուսաստանին եւ անձամբ Վլադիմիր Պուտինին»։

Վերնագրերը եւ նյութերն այն մասին, որ Ղազախստանի տեղեկատվության նախարարի պաշտոնին է նշանակվել «ռուսատյացը», հայտնվել են բազմաթիվ ռուսական ԶԼՄ-ներում, օրինակ՝ «Царьград»-ն ընդգծում է, որ «տեղեկատվության նախարարի տեղը մի ինչ-որ անցողակի պաշտոն չէ։ Տեղեկատվության եւ հանրային զարգացման նախարարը, ըստ էության, որոշում է պետության զարգացման գաղափարաբանական վեկտորը։ Իսկ ահա «Агентство политических новостей»-ն իր վերնագրում գրում է. «Ղազախստանի նոր կառավարությունում ընդամենը երկու ռուս կա, տեղեկատվության նախարարի պաշտոնին նշանակվել է ռուսատյացը»։ «Ղազախստանում հաստատվել է կառավարության նոր կազմը, այնտեղ ընդամենը երկու ռուս կա՝ վարչապետի տեղակալ Ռոման Սկլյարը եւ ԱԻՆ ղեկավար Յուրի Իլյինը։ Ղազախստանում ռուս բնակչության բաժինը դեռեւս մոտ 20 տոկոս է»,- գրում է գործակալությունը։

«Комсомольская правда»-ի զինվորական թղթակից Դմիտրի Ստեշինը գրում է. «Ղազախստանի իշխանությունները շատ տարբերակներ ունեին, թե ինչպես շնորհակալ լինեն հարեւաններին արյունալի սպանդից եւ քաոսից փրկած Ռուսաստանին։ Ընտրեցին ամենազարմանալին, այնպիսին, որ այդ կառավարչական որոշումը գնահատելու համար դժվար է բառեր ընտրել։ Նոր կառավարության ցուցակում կա ոմն Ասկար Ումարով։ Մինչեւ հունվարյան ջարդերը աշխատում էր նույն նախարարությունում, փոխնախարար, հիմա, խռովության արդյունքներով, պաշտոնի բարձրացում է ստացել։ Հենց Ումարովի հետ են կապում Ղազախստանում անցած ամռանը «լեզվական պարեկների» հայտնվելը։ Բոլորն են տեսել այդ պարեկների «աշխատանքի» նկարահանումները. տականքների ամբոխը պատահական անցորդներից պահանջում է, որպեսզի նրանք խոսեն ղազախերեն»։

Նա հիշեցրել է, որ անգամ արգելված է այդ մարդու մուտքը Ռուսաստան։ Ստեշինը երեք հնարավոր պատճառ է նշել։ Գուցե դա «ոչ թանկ, բայց արդյունավետ քաղտեխնոլոգիական քայլ է»։ Եվս մեկ պատճառ՝ տուրք ղազախ ազգայնականներին։ Երրորդ վարկածը՝ ազդանշան ուղարկել Մոսկվային. «Բոլորին շնորհակալ ենք, բոլորն ազատ են։ Այստեղ մենք մեր մթնոլորտն ունենք»։