Քաղաքագետ Աղասի Ենոքյանի գրառումը. «Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Հանրությանը երևի ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե ինչու նա հենց հիմա հրաժարական տվեց, քան՝ թե ինչու հրաժարական տվեց ընդհանրապես։ Որովհետև թե՛ նրա, թե՛ նրա ընտանիքի, թե՛ նրա քաղաքական, կենցաղային ու գործակալական անցյալի մասին վաղուց են հնչել մտահոգություններ ու քննադատություններ, բայց Արմեն Սարգսյանն աներեսորեն այդ ամենը երկար ժամանակ հանդուրժում էր։ Ու հիմա հանկարծ որոշեց, որ պետք է հրաժարական տա։

Արմեն Սարգսյանը հարուստ մարդ է, և բիզնես կլասով Դուբայ ու Քաթար թռնելը չպետք է համարել նրա համար խթան տարիներ շարունակ պաշտոնավարման համար։ Իսկ նրա աշխատանքի ընթացքում այլ բանով, քան բիզնես-թրիփներն են ու պաղպաղակը, ՀՀ նախագահն աչքի չի ընկել։ Եվ հիմա հանկարծ որոշեց, որ բիզնես կլասի համար պետք է վճարի իր գրպանից, ոչ թե ՀՀ բյուջեից։

Խորհրդանշական է, որ Արմեն Սարգսյանն իր հրաժարականը հնչեցրեց Լոնդոնից։ Հիշենք, որ նա բազմաթիվ քրեական սկանդալների մեջ կարող էր հայտնվել Երևանում՝ սկսած անհասկանալի անձնագրից մինչև կոռուպցիոն հանգամանքներ։

Արմեն Սարգսյանը խորհրդային տարիներին Անգլիա և արտաքին քաղաքականություն էր գործուղվել իր «կոմերիտական» իրականությունից ԽՍՀՄ հատուկ ծառայությունների նկատառումներով։ Նրա շարունակական մուտքն ու ելքը ՀՀ քաղաքականության մեջ բացառապես պետք է պայմանավորել ԳՌՈՒ-ի ներգրավածության ինտենսիվության ամպլիտուդներով ու անհրաժեշտ կադրերի բացակայությամբ։

Արմեն Սարգսյանի հրաժարականն արդեն չի կարելի մեկնաբանել, թե Ռուսաստանի հատուկ ծառայությունները նրան կոնսերվացնում են հետագա գործողությունների համար. նա տվեց ինչ կարող էր։ Նիկոլն Արմեն Սարգսյանին հնարավորինս փչացրեց՝ անհնարին դարձնելով նրա հետագա գործակալական գործունեությունը։

Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է նշանակել երկու բան. կա՛մ Կրեմլն այնքան է վստահում Նիկոլին, որ այլևս նրան վերահսկող պետք չէ, կա՛մ Նիկոլն անվերադարձ որոշել է թռնել ռուսների տակից և որոշել է Արմեն Սարգսյանին փոխարինել գռզոյաէդմոնահովիկաղազարյանական կարգի ինչ-որ բանով:

Առավել հավանական է թվում երկրորդ տարբերակը։ Ոգևորվելով Պուտինի սկսած ֆեյք «Սառը պատերազմի» անհեռանկարայնությամբ, ԱՄՆ ետթրամփական ակտիվությամբ մեր ռեգիոնում՝ ի դեմս Թուրքիայի սերժանտության, Նիկոլը փորձում է հնարավորինս ձերբազատվել Մոսկվայից և փորձում է իր համար ապահովել առավելագույն անձեռնմխելիությունը՝ նաև ազդեցության և գործողության մյուս ագենտներից ազատվելու գնով, և այդ պատճառով է պահանջել Արմեն Սարգսյանի հեռացումը։

Սա, թերևս, սխալ հաշվարկ կարող է դուրս գալ և պրոթուրքական այս զեղումը՝ չնայած հզորագույն պահակախմբին, կարող է Նիկոլի համար թանկ արժենալ։

Էլ չեմ խոսում Հայաստանի Հանրապետության մասին»։