«Գրիգոր Մինասյանն իմ ընկերն է, մենք նաև եղել ենք գործընկերներ: Իմ, իր, մեր բոլորի քաղաքական հայացքներն ու գաղափարները համընկնում են»,- խոսելով Արդարադատության նորանշանակ փոխնախարար Գրիգոր Մինասյանի մասին՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարար Կարեն Անդրեասյանը:

Հարցին՝ ճամբարափո՞խ է եղել, ասաց՝ պիտակավորումներին չի պատասխանի:

Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանը հունվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Արդարադատության փոխնախարար:

Մամուլում տարածվեց 2017թ. Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ Գրիգոր Մինասյանի ելույթը, որտեղ նա ծաղրում էր Նիկոլ Փաշինյանին. «Այս ընտրություններն Արարատ լեռն ու Անին վերադարձնելու մասին չեն, այս ընտրությունները կտուրները մագլցելու և հեծանիվ քշելու կամ դերասանություն անելու մրցույթ չեն»։
Այդ ժամանակ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր։ Նա էր բարձրանում ավտոտնակների տանիքների վրա և ելույթ ունենում։