Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս պարկը գտել ենք Կենդանաբանական այգու սմբակավորների բաժնում՝ ուղտի և թուրքմենական կուլանների ազատավանդակում՝ ջրավազանի մոտ:
Պարունակությունն ամբողջովին առնետի թույն էր. կենդանաբույժներս տեղում տարբերակեցին:
Առնետի թույնը, հավանաբար, փորձել էին լցնել ջրավազանի մեջ, որից ջուր են խմում Այգու միակ ուղտն ու երկու կուլանները:
Աշխատակիցների աչալրջության շնորհիվ կարողացանք կանխել մտադրվածը՝ այն է կազմակերպել հերթական կենդանու թունավորումը նոր տնօրինությանը վարկաբեկելու և մեղադրելու համար:
Հատկանշական է, որ կենդանի թունավորելու պրակտիկան այգում գործում է դեռ խորհրդային տարիներից, ու նման դեպքերն ի հայտ են գալիս նոր տնօրեն նշանակելու օրվանից:
Իրավապահ մարմիններն այս ամենի մասին նույնպես լավատեղյակ են:
Վերջերս Այգու շուրջ տարածվող հերյուրանքները և կազմակերպված ցույցերն էլ էս ամենի շարունակությունն են:
Գիտակցում եմ, որ որոշ մարդկանց այլևս զրկել ենք Այգու հաշվին ապօրինի եկամուտ ստանալու հնարավորությունից:
Կտրել ենք այլևս այդ ապօրինի շղթան, ինչը նյարդային ցնցումների է հանգեցրել որոշ օղակների:
Ցավում եմ, ընկերներ, որ ձեր՝ անարդար ու հեշտ փող աշխատելու նպատակին հասնելու համար պատրաստ եք դիմելու ամենաստոր քայլերի՝ վտանգելով անմեղ կենդանիներին:
Ցավում եմ նաև, որ կենդանիներին դիտում եք որպես գումար աշխատելու միջոց:
Դրա հնարավորություն այլևս չե՛ք ունենալու:
Հ. Գ. - դեպքի օրը դիմել եմ ՀՀ իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու նպատակով»։