«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գրառումը. «Հայաստանի խորհրդարանը պարտավոր է արձագանքել ու գնահատական տալ Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրին»։ Այդ փաստաթղթի դրույթներով մարտահրավեր է նետված ՀՀ անկախության հռչակագրին, Հայաստանի ու Արցախի գոյությանը։

Բլեֆ են այն խոսակցությունները, թե, իբր, Թուրքիայից դրական ազդակներ են գալիս ու հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ներկա գործընթացն, իբր, առանց նախապայմանների են։

«Շուշիի հռչակագիրը» վավերացնելով՝ Ադրբեջանն ու Թուրքիան լրիվ այլ ազդակներ են հաղորդում և այդ ազդակներին Հայաստանից համարժեք արձագանք պետք է լինի։

Ձեզ եմ ներկայացնում ԱԺ հայտարարության տեքստի նախագիծը, որը դրել ենք շրջանառության մեջ և առաջարկում ենք խորհրդարանին ընդունել այն։

․ ․ ․

ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իր խոր մտահոգությունն է հայտնում օկուպացված Շուշիում 2021թ․ հունիսի 15-ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացման կապակցությամբ։ Այդ հռչակագրով կնքվել է թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինք՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակներում։

Թեև փաստաթղթում նշված է, որ այն չի ստեղծվել երրորդ կողմի դեմ, այդուհանդերձ դրա ողջ բովանդակությունն ուղղված է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների, հայ ժողովրդի դեմ։ Այն արձանագրում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների ռազմավարական նպատակներն՝ ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների։

Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ձևակերպումները վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ համատեղ ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար։

Դատապարտելի է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ հարցի բովանդակությունը խեղաթյուրելով և այն տանելով պատմագիտական ուսումնասիրության տիրույթ։

Շուշիի հռչակագրի հիմքում ընկած է ոչ թե ՄԱԿ կանոնադրությունը կամ ԵԱՀԿ-ի կողմից ընդունված անվտանգության սկզբունքը, այլ «ցեղային անվտանգության» մոտեցումը։ Այն հակասում է միջազգային իրավունքի հիմնական նորմերին։ Համաձայն Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ․ Վիեննայի կոնվենցիայի՝ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին, առոչինչ են և չեն կարող ունենալ որևէ միջազգային լեգիտիմություն։

ՀՀ Ազգային ժողովը հայտարարում է՝

Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բնույթով, անընդունելի է ՀՀ-ի համար։ Այն լրջագույն մարտահրավեր է տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությանը, չի նպաստում մեր տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, հակասում է «առանց նախապայմանների» սկզբունքի հիման վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ու լուրջ կասկածներ առաջացնում պաշտոնական Անկարայի իրական վարքագծի ու մտադրությունների առումով»։