Երբ մի երկիր իր անվտանգային համակարգը, տնտեսական համակարգը, ժողովրդավարական արժեքները, ինքնիշխանությունը կառուցում է կոռուպցիայի, ստի, պետական շահը ստորադասելով իրենց ընտանեկան, անձնական շահերին, առաջնորդվում է կոռուպցիայի օրենքներով, ժողովրդի քվեն առնել-ծախելով, ընտրակեղծարարությամբ, եւ երբ նմանատիպ գործունեությունների արդյունքում երկիրը հայտնվում է աղետալի վիճակում ու կանգնում մեծ մարտահրավերների առաջ, այդտեղից է պետք ելնել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք ինչպես պնդում է ընդդիմությունը, մեր սկսնակ դիվանագետների եւ ԱԳՆ-ի վատ աշխատանքի հետեւանքը չէ, որ Մոսկվայում երեկ ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ կնքվել է դաշնակցային համագործակցության հռչակագիրը:

«Երբ մեր քաղաքական, դիվանագիտական, միջազգային շահերի, Արցախի հարցի շուրջ մենք հայտնվում ենք խոցելի վիճակներում, պետք է տեսնել, թե ինչ ճանապարհ ենք անցել, ինչու ենք այդտեղ հասել:


Վերջին 2018-ի հեղափոխությունից հետո այն ճանապարհը, որ մենք անցել ենք, մենք ցույց ենք տվել, որ հենվելով ժողովրդավարական արժեքների վրա, մարդկանց հետ բաց խոսելով, իրենց շահերն առաջնահերթ դասելով, մերժելով կոտռուպցիոն այս ամբողջ պետական համակարգի մեջ մխրճված խնդիրները, կարողացել ենք ապահովել հենց առաջին տարում տնտեսական աճ: Երկրորդ տարում էլ ավելի մեծ տնտեսական աճ: Բայց մենք չենք հասցրել պետական անվտանգային մակարդակը, բանակի հագեցվածության մակարդակը, կառավարման ռեֆորմները բերել այնպիսի մակարդակի, որ կարողանանք խուսափել թե 44-օրյա պատերազմի, թե մնացած մարտահրավերներից, որոնք կանգնած են մեր երկրի առջեւ»,-ասաց Արշակյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 22-ին Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել: