«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ խորհրդարանում ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը խոսեց հավկիթի շուկայում տիրող իրավիճակի մասին եւ ահազանգ ներկայացրեց: «Ես ահազանգ եմ ստացել, որ «Շիրակ»-ի թռչնաֆաբրիկան արտաքուստ շատ լավ բան է արել եւ հավկիթը վաճառվում է 30-35 դրամով, սակայն արդյունքում տուժում են ավելի փոքր ընկերությունները, եւ քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ «Լուսակերտ»-ի թռչնաֆաբրիկան բաժանելու է իր 8 հազար հավերը եւ փակվելու է, 88 աշխատող մնում են անգործ: Արդյոք սա ազատ մրցակցության դրսեւորու՞մ է, երբ խոշոր ընկերությունը դեմպինգ է անում, եւ փոքր ընկերությունները խեղճանում են», – նշեց նա:

Թագուհի Թովմասյանը խորհրդարանում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանի ուշադրությունը հրավիրեց տիրող իրավիճակի վրա՝ նաեւ ասելով, թե «Աշտարակ» ընկերությունից ահազանգ է եղել, սակայն Գեղամ Գեւորգյանն այդպես էլ չի արձագանքել: «Այդքան օրենսդրական փոփոխությունները չե՞ն օգնում, որ ավելի օպերատիվ աշխատեք եւ խնդիրներին ավելի օպերատիվ արձագանքեք: Կցանկանայի նաեւ, որ այստեղից արձագանքեիք Քովիդ-թեստերի ուսումնասիրության Ձեր արդյունքները: Դուք նոեմբերին խոստացել էիք ուսումնասիրել եւ ներկայացնել, թե ինչու են Քովիդ-թեստերի գներն այդքան տարբեր՝ 8500-15 հազար դրամ, իսկ օդանավակայանում էլ աստղաբաշխական թվեր են: Դուք խոստացել էիք ուսումնասիրություն հրապարակել. անցել է երեք ամիս, սակայն արդյունքներն առկա չեն»։ Եվ չնայած պատգամավորի հայտնած մտահոգություններին՝ Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը վստահեցնում է, որ ձվի շուկայում որեւէ թռչնաֆաբրիկա դեմպինգային քաղաքականություն չի վարում:

«Եվ ինքը չի կարող դեմպինգ իրականացնել: Նաեւ ասել ենք, թե ինչու է ձվի շուկայում այդպես: Եթե շուկան չկայացավ, այս խնդիրները լինելու են: Ընդամենը շղթա է գործում. մի սուպերմարկետում գինն իջնում է, առաքիչների միջոցով մյուս տնտեսվարողները եւս սկսում են գինը իջեցնել: Չի կարող շուկայում 4 կամ 5 տոկոս մասնաբաժին ունեցող տնտեսավարող սուբյեկտը դեմպինգ իրականացնել»,-նշեց Գեւորգյանը: Նա փորձում է արդարանալ, սակայն փաստերն ինքնին խոսուն են:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում